Եռացող կաթսայի կափարիչն անընդհատ փակ պահել չես կարող. ամեն ինչ անելու են՝ ավելի երկար ժամանակով սահմանափակելու համար. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Թեկուզ տոկոսային առումով համեմատաբար փոքր թվերով, սակայն Հայաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է։ Քաղաքացիների առողջությանը և կյանքին վերաբերող հարցերում վիրուսի առաջ բերած սպառնալիքներով էր պայմանավորված, որ մարտ և ապրիլ ամիսներին խիստ կարանտինային ռեժիմ սահմանվեց, սահմանափակվեց մարդկանց տեղաշարժի իրավունքը։
Եթե կարանտինային իրավիճակը երկար պահպանվեր, ապա հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով կանխել վիրուսի արագ տարածումը, բայց ելնելով տնտեսական դժվարություններից և կորուստներից հնարավորինս խուսափելու հանգամանքից՝ իշխանությունները որոշեցին դադարեցնել խիստ սահմանափակումների ռեժիմը, սակայն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմը, իսկ հիմնական շեշտը դնել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա։
Եվ պատահական չէ, որ կորոնավիրուսի թեմայով գրեթե յուրաքանչյուր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության մասին։ Վերջինս ամեն անգամ հորդորում է քաղաքացիներին հետևել պարետատան որոշումներին։
Թվում էր, թե իշխանության ներկայացուցիչներն այս առումով պետք է լավագույն օրինակը ծառայեին հանրության համար, սակայն այս օրերին մամուլում տեղեկություններ և տեսանյութեր են տարածվում այն մասին, թե ինչպես են մերօրյա իշխանավորներն անտեսում պարետատան որոշումները և առանց դիմակներ կրելու փարթիներ կազմակերպում։
Բնականաբար, այս ամենը չի կարող դժգոհություն չառաջացնել քաղաքացիների շրջանում։ Եթե իշխանության ներկայացուցիչները խիստ պատասխանատվության չեն ենթարկվում հակահամաճարակային կանոններին չենթարկվելու համար, ապա ինչպե՞ս կարելի է նույնը պահանջել նաև մյուս քաղաքացիներից։
Դեռևս վաղ է ասել, թե կորոնավիրուսի պիկը հաղթահարված է, քանի որ ցանկացած պահի վարակը կարող է մեծ արագությամբ նորից տարածվել։ Եվ արդեն իսկ պարզ է, որ կորանավիրուսի համավարակը դեռ երկար է շարունակվելու, և նույնիսկ խոսվում է, թե մեկ տարի և ավել կարող է տևել, իսկ այս պայմաններում արտակարգ դրության իրավական ռեժիմը չի կարող երկար ժամանակ պահպանվել։
Մի քանի անգամ արտակարգ դրությունը երկարաձգվեց, բայց այս անգամ կարծես թե իշխանությունները նպատակ չունեն շարունակել արտակարգ դրության իրավական ռեժիմը, նրանք մտադրություն ունեն գործող սահմանափակումների և հակահամաճարակային կանոնների պահպանման հարցը լուծել օրենսդրական այլ կարգավորումների և որոշումների միջոցով։
Իշխանություններն այս ընթացքում կարողացան լավագույնս օգտվել արտակարգ դրության պահանջներից, քանի որ արգելված են հավաքներն ու զանգվածային բողոքի ակցիաները, արագ ընթացակարգով ընդունվել են մի շարք խնդրահարույց որոշումներ (գույքահարկի բարձրացում, Լանզարոտեի կոնվենցիայի վավերացում և այլն), որոնք կարող էին հանրային հուզումներ առաջացնել։
Եվ, ըստ ամենայնի, իշխանությունները, տեսնելով հանրության շրջանում ահագնացող դժգոհությունները և ընդդիմության ակտիվությունը, նոր օրենսդրական կարգավորումներում ամեն ինչ կանեն, որ հավաքների և ցույցերի անցկացման՝ քաղաքացիների իրավունքը երկար ժամանակ սահմանափակվի։
Եվ տպավորություն է առաջանում, թե ինչքան համավարակային իրավիճակը երկար ձգվի, այնքան այն իշխանությունների օգտին է, քանի որ դրանով նրանք պատրվակներ կունենան խոչընդոտել հասարակության կողմից ակտիվ փողոցային պայքարը։
Սակայն այդպես երկար շարունակել հնարավոր չի լինի։ Չես կարող եռացող կաթսայի կափարիչն անընդհատ փակ պահել, որքան էլ վրան մեծ քարեր դնես, թեկուզ զոդես: Ի վերջո կպայթի հենց կաթսան...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում