«Լավատեսությունն օգնում է հաղթահարել դժվարությունները». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Հոգեբան Աննա Բադալյանը նշում է՝ հոգեբանական առումով համավարակի շրջանը բավականին հետաքրքիր ձևով ընթացավ:
«Սկզբնական շրջանում էր շատ տագնապային, կար անորոշության գործոնը, բայց հաղթահարեցինք դա: Հիմա մեզ մոտ գիտակցված շրջան է, ինչ-որ տեղ նաև թուլացած:
Սկզբից չէինք «ճանաչում» այդ հիվանդությանը, այսօր ոչ միայն ճանաչում ենք, այլ ունենք օրինակներ, որ մարդիկ դրանից հետո շարունակում են ապրել, առողջանում են:
Հասարակության մի շերտ կար ու կա, որ խիստ պարտաճանաչ է, հետևում է բոլոր կանոններին, կա նաև մարդկանց մի խումբ, որին թվում է, թե այս ամենն իրեն չի առնչվում: Բայց դա արդեն անձի խնդիրն է, նա ոչ թե ցույց է տալիս իր վերաբերմունքը համավարակի, հիվանդության նկատմամբ, այլ սեփական անձի»,ասում է հոգեբանը:
Բադալյանն ընդգծում է, որ երբ երկրորդ անգամ արտակարգ դրությունը երկարացվեց, այդ ժամանակ մեր հասարակությունը հասկացավ՝ ապրում է այս պայմաններում, պետք է լինի հնարավորինս սոցիալականացված, չկորցնի աշխատունակությունը, ֆիզիոլոգիական և հոգեբանական առողջությունը:
«Միևնույն ժամանակ, ապրելով համավարակի հետ, պետք է լինել զգոն, զգույշ, ուղղակի ընտելացել ենք համավարակի հետ ապրելու մտքի հետ:
Տեսեք՝ ձմռան ամիսներին տարածվում է գրիպը, գիտենք, որ հնարավոր է լինի համավարկ, հնարավորինս խուսափում ենք ավելորդ քայլերից, որոնք մեզ մոտ կավելացնեն դրա առաջացման գործոնները:
Հիմա նույնն էլ այս դեպքում է: Հիվանդության դեպքում ամենակարևորը վախի, տագնապի գործոնի վերացումն է: Առաջ համատարած տագնապ էր, մարդկանց աչքերում անորոշությունից վախ էինք տեսնում, այսօր դա չկա»,-նշում է մեր զրուցակիցը:
Հոգեբանորեն բավականին լարվեցինք նաև Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողություններից: Պատերազմի վտանգը մշտապես հետապնդում է մեզ, մինչդեռ մենք մի տեսակ դիմադրողականություն ենք ձեռք բերել: Հոգեբանը նշում է, որ այդտեղ խոսում է ազգային էթնիկ առանձնահատկությունը:
«Տեսեք՝ ծիրանը դարձավ ազգային շարժման խորհրդանիշ, մարդիկ համախմբվեցին: Նրանք կարծես ասացին՝ եթե պտղի ոչնչացումը կարող է նման արձագանք ստանալ, ապա ինչ կարող է լինել պետական սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում: Ցավոք, մեր ազգային հոգեբանության մեջ կարմիր թելի պես անցնում է այն գիծը, որ միահամուռ ենք վտանգի պահին:
Բայց մենք ցույց ենք տալիս, որ, չնայած ամեն ինչին, շարունակում ենք ապրել: Մի նկար հայտնվեց համացանցում, որ երեխան դիմակով Վարդավառ է խաղում:
Դա այնքան ապրեցնող էր: Ապրեցնող է այն, որ Տավուշում օրերս եռյակ լույս աշխարհ եկավ: Սրանք մանրուքներ չեն, հոգեբանական նեցուկներ են, որ այս ազգն ապրող է, ինքը սիրում է կյանքը:
Երբ լավատեսության լույս կա, կարողանում ես կողմնորոշվել, ճիշտ որոշում կայացնել, եթե նույնիսկ դժվարություն կա, լավատեսության նոտան քեզ օգնում է հաղթահարել այն»,-եզրափակում է Աննա Բադալյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում