«Music 20». փառատոն, որ կոտրեց լռությունը
КультураՀուլիսի 10-ից 28-ը Երևանում անցկացված «Music 20» առցանց միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել բազմաթիվ մեծահամբավ երաժիշտներ՝ մենակատարներ‚ դիրիժորներ։ Թավջութակահարներ Ալեքսանդր Ռամը‚ Բորիս Անդրիանովը‚ ջութակահարներ Անդրեյ Բարանովը‚ Ֆրանչեսկա Դեգոն‚ դիրիժոր Մարիուս Ստրավինսկին‚ դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցը‚ Ալեքսանդր Գինդինը, Գլորիա Կամպաներըև այլք։
Համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում այս փառատոնը սպասված էր ինչպես երաժիշտների‚ այնպես էլ դասական երաժշտության սիրահարների համար։
«Music 20» փառատոնի հյուրերից դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես եկավ մենահամերգով՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի‚ Կլոդ Դեբյուսիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Դաշնակահարուհին Orer.am-ի հետ զրույցում նկատեց‚ որ COVID-19-ը ցնցել է ամբողջ աշխարհը։
«Հատկապես Իտալիայում համավարակը շատ ողբերգական ընթացք ունեցով։ Երբ փետրվարին Միլան էի վերադառնում բեյրության համերգներից‚ վստահ էի‚ որ ելույթներ պետք է ունենամ Իտալիայում‚ սակայն երբ վայրէջք կատարեցի օդանավակայան‚ շուրջբոլորն անապատի էր նման։ Իմ և իմ գործընկերների բոլոր համերգները չեղարկվեցին‚ ու շատ դժվար էր հասկանալ‚ թե մեզ ինչ է սպասվում։ Չորս ամիս՝ մինչև հունիս, ամեն ինչ դադարեցված էր։
Բարեբախտաբար‚ հունիսի սկզբից որոշ բաներ սկսեցին իրականացվել բացօթյա պայմաններում։ Սակայն այդ ամենը շատ տարօրինակ էր‚ քանի որ հանիդիսատեսը ստիպված էր մեծ հեռավորության վրա նստել»,- ասաց է դաշնակահարուհին։
Գլորիա Կամպաները խոստովանեց‚ որ երջանիկ էր‚ երբ այդ մեծ դադարից հետո Երևանից փառատոնի մասնակցության հրավեր ստացավ։ Իտալացի դաշնակահարուհին ընդգծեց‚ որ փառատոնը մեծ նախաձեռնություն է‚ կազմակերպվել էր շատ կարճ ժամկետում‚ սակայն հարուստ բովանդակությամբ:
«Եվ ես հպարտ եմ մաս կազմել երաժշտական այս տոնին։ Երաժշտությունը կարող է ամոքել‚ սփոփել մարդկանց այս իրավիճակում»,- ասաց նա։
Կորոնավիրուսը‚ ըստ դաշնակահարուհու‚ համաշխարհային աղետ է‚ ինչից երաժշտությունը‚ արվեստը մեծապես տուժել են։
«Հատկապես Իտալիայում աննկարագրելի հարված ստացավ մշակույթը։ Մի մեծ լռություն պարտադրվեց։ Լռությունը երաժշտի համար, իհարկե, լավ է‚ սակայն այն դեպքում, երբ շատ չի երկարում։ Լռությունը կարելի է օգտագործել խորհելու‚ սովորելու‚ երկացանկը հարստացնելու համար‚ բայց երաժշտությունը պետք է հնչեցվի ունկնդրի համար։ Եվ «Music 20»-ը կոտրեց այդ լռությունը»,- ասաց Գլորիա Կամպաները։
Փառատոնի շրջանակում կայացած 19 համերգների ընթացքում հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի‚ Լյուդվիգ վան Բեթհովենի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Պյոտր Չայկովսկու‚ Ալեքսանդր Սկրյաբինի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Ֆրեդերիկ Շոպենի‚ Էդվարդ Գրիգի‚ Ալեքսեյ Շորի‚ Արամ Խաչատրյանի‚ Ղազարոս Սարյանի‚ Ալեքսանդր Հարությունյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Ջոն Տեր-Թադևոսյանի‚ Ստեփան Շաքարյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Ռուսաստանում հիմնադրված «Rusquartet» քառյակի երաժիշտները տպավորված էին հայաստանյան այցով և անցկացված փառատոնով։
Երևանում քառյակը ներկայացրել է Ալեքսանդր Բորոդինի և Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ Քառյակի անդամները նկատեցին, որ առաջին անգամ են հանդիպում Շորի արվեստին, ինչը նրանց համար մեծ բացահայտում էր։ Ընդ որում, Շորի «Ծովանկարներ» ստեղծագործությունը «Rusquartet»-ը կատարել է ոչ թե բնօրինակ, այլ հատուկ իրենց համար փոխադրված տարբերակով:
Ջութակի կոնցերտը փոխադրվել է լարային քառյակի համար, ինչը, ըստ երաժիշտների, ստացվել է շատ հետաքրքիր, վառ գուներանգով, թեև երաժիշտների հավաստմամբ, իրենք ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս մոտ մնան բնօրինակ ստեղծագործությանը։
«Music 20»-ը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից, որի նախագահն է Կոնստանտին Իշխանովը։ Գրեմմի մրցանակի նոմինացված դիրիժոր, թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին ընդգծեց, որ այս հիմնադրամը մեծածավալ նախագծեր է կյանքի կոչում ամբողջ աշխարհում, և շատ շնորհակալ է, որ ինքը նույնպես հրավեր է ստացել մասնակցելու փառատոնի, որը տեղի է ունենում այս դժվարին պայմաններում։
Հավելենք նաև, որ «Music 20» փառատոնի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Արմինե Գրիգորյան