Բեյրութի պայթյունից հետո Ջորջ և Ամալ Քլունիները 100 000 դոլար են նվիրաբերել Լիբանանում գործող 3 բարեգործական կազմակերպության
Международные новостиԱմերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ ծնունդով լիբանանցի փաստաբան Ամալ Քլունին, Բեյրութում օրերս տեղի ունեցած հզոր պայթյունից հետո 100 000 դոլարի նվիրատվություն են կատարել Լիբանանում գործող բարեգործական երեք հիմադրամի, հայտնում է Daily Mail պարբերականը։
«Մենք երկուսս էլ խորապես մտահոգված ենք Բեյրութի բնակչության ճակատագրով և նրանց տեսած աղետի առնչությամբ․․․Մեր գտած այս երեք բարեգործական կազմակերպությունները զգալի օգնություն են ցուցաբերում դեպքի վայրում․ դրանք են լիբանանյան Կարմիր խաչը, Impact Lebanon-ը և Baytna Batak-ը»,-հայտնել է զույգը հինգշաբթի։
59-ամյա օսկարակիր դերասանը և մարդու իրավուքների պաշտպանության գծով 42-ամյա փաստաբանը հավելել են, որ 100 000 դոլարի չափով նվիրատվություն են անում և հույս ունեն, որ մյուսները նույնպես հնարավորության դեպքում օգնություն կցուցաբերեն աղետի գոտուն։
Հայտնի է, որ Ամալը ծնվել է Բեյրութում, սակայն Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Անգլիա, որտեղ էլ մեծացել է և Օքսֆորդի համալսարան ընդունվել։
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 149-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին: