Բեյրութում կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 720-ը (լուսանկարներ)
Международные новостиԲեյրությում նախօրեին տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում ուժայինների հետ բախումների հետևանքով վիրավորում ստացած ցուցարարների թիվը գերազանցել է 720-ը․ ավելի վաղ հայտնի էր դարձել 490 վիրավորի մասին, որոնց թվում անվտանգության 70 աշխատակից է եղել․ մահացել է իրավապահ մի աշխատակից, հայտնում է aljazeera.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարության հրաժարականի և բարեփոխումների իրականացման պահանջներով բողոքի ցույցերին նախօրեին ավելի քան հազար մարդ է մասնակցել․ շուտով այն զանգվածային բախումների է վերաճել։
Ցուցարարները գրավել են արտգործնախարարության, էլեկտրաէներգիայի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև բանկերի ասոցացիայի շենքերը։ Մարդիկ ոստիկանության աշխատակիցների վրա քարեր ու ճայթուկներ են նետել, ինչին ի պատասխան՝ նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լիբանանի ուժայիններից մի քանի ժամ է պահանջվել մայրաքաղաք Բեյրութի կենտրոնը հազարավոր ցուցարարներից ազատելու համար:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, վիրավորները 6 000-ից ավելի են։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները: