Քեֆերին՝ 40 հոգով, դպրոցներում՝ 10․ «где логика»?․ «Հրապարակ»
Аналитика«Հրապարակը» գրում է․ «Երեկ երկրում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով, սակայն այս անգամ սահմանափակումների որոշակի թուլացմամաբ։
Օրինակ՝ նախկինում խնջույք- հավաքույթներին թույլատրվող առավելագույնը 20 հոգու փոխարեն սահմանվեց նոր թիվ՝ 40 հոգի, մինչդեռ հանրակրթական դպրոցներում երեխաներին պատասրտվում են 10 հոգանոց խմբերով դասի նստեցնել։
Մենք փորձեցինք հասկանալ, թե առհասարակ ինչպե՞ս են որոշվում այս թվերը, ինչո՞ւ 40- այլ ոչ, օրինակ, 45 կամ 50, կամ ինչպե՞ս է ստացվում, որ խնջույքին կարող է մասնակցել 40 հոգի, իսկ դասարաններում երեխաները չպետք է լինեն 10 հոգուց ավել, ինչո՞ւ չի հայտարարվում համալսարաններում դասերի վերսկսման մասին և այլն։
Այս հարցով դիմեցինք պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանին, վերջինս մեկ օր անց պատասխանեց՝ «Երեկ ԱԺ նիստում պարետը բոլոր հարցերին անդրադարձել է, կարող եք այնտեղ գտնել »։ Մեր պնդումից հետո, որ հարցը հղել ենք ավելի վաղ, և պարտավոր չենք ԱԺ նիստի մի քանի ժամանոց ձայնագրությունը լսել՝ մեր հարցի հավանական պատասխանը գտնելու համար, Հունանյանն այսպես պատասխանեց․
«Պարետատան կողմից որոշումները կայացվում են պարետատան մաս կազմող գերատեսչությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների ներգրավմամբ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը և այլ գործոնները»։
Արդյունքում տրամաբանությունը, որով որոշվում են այս թվերը, մնացին գաղտնիք։