«Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում». Լուկաշենկոն արտաքին միջամտության տարրեր է տեսնում և մտադիր է կապվել Պուտինի հետ
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը, որն արդեն սպառնում է «ոչ միայն Բելառուսին»: Այս մասին գրում է belta.by կայքը:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Մեզ պետք չէ հանգստացնել խաղաղ ակցիաներով և բողոքի ցույցերով: Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է կատարվում: Մենք դա շատ լավ ենք տեսնում: Եվ հետո, մենք կարդացել ենք «գունավոր հեղափոխությունների» ձեռնարկները: Ավելին, «գունավոր հեղափոխությունների» ձեռնարկներում (դա յուրահատկություն է, դրա մասին մենք այսօր կխոսենք Պաշտպանության նախարարության ռազմավարական վարչության կենտրոնում) արդեն հայտնվել են արտաքին միջամտության տարրեր»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նշել է նաև, որ ցանկանում է իրավիճակը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ այն արդեն սպառնում է «ոչ միայն Բելառուսին»:
«Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում: Պետք է կապվել Պուտինի` ՌԴ նախագահի հետ, որպեսզի նրա հետ բանակցեմ հիմա: Որովհետև սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի դեմ»,-հավելել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է: