Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ)
Международные новостиԵս հավատացած եմ, որ ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. լա՞վ, թե՞ վատ, սա է Գոբլի պլանը: Այս մասին ArmNews ՀԸ եթերում հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման «Գոբլի» պլանի հեղինակ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով իր՝ 1992 թ. հունվարին ներկայացրած ծրագրին:
Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանը պետք է զիջեր Զանգեզուրի միջանցքը՝ Ադրբեջանին հնարավորություն տալով Նախիջևան մուտք ունենալ՝ առանց շրջանցելու անհրաժեշտության, փոխարենը Ադրբեջանը պետք է զիջեր ինչ-որ բան, որն իրենն է համարում՝ ստանալու համար այն, ինչ ուզում է:
«Ես ասում էի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակն այն է, որ Ադրբեջանին փախարենը տան այն, ինչն ինքն է ուզում, քանի որ եթե Բաքվի կառավարությունը զիջեր Ղարաբաղն ու երկրի արևմտյան շրջանի հատվածները, երկար չէր մնա իշխանության. ոչ մի կառավարություն չի կարող տալ իր տարածքի մեծ հատվածներ և մնալ իշխանության: Պետք է հասկանալ, որ Բաքվի իշխանությունը մի օր պարզապես չի արթնանա ու ասի՝ այո, մենք սխալ էինք, հայերով բնակեցված Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս լինի: Դու կարող ես դա ասել, բայց կառավարությունը կամ ղեկավարի պաշտոնը երկար չես պահի»,-ասել է Գոբլը՝ նշելով նաև, թե զարմացել է, որ նախագիծը հայերի շրջանում քննադատվել է:
«Ես զարմացած էի, որ պլանն այդպես անողոքաբար քննադատվեց հայերի կողմից՝ հաշվի առնելով, որ ես այդ պահին միակն էի արտաքին քաղաքականության քաղաքական վերնախավում, որն ասում էր, որ Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս կազմի: Եթե ես հայ լինեի, դա կարևոր կհամարեի: Ես նաև զարմացած էի, որ իմ ծրագիրը Բաքվում վեր բարձրացվեց և փառաբանվեց որոշ մարդկանց կողմից՝ որպես Ադրբեջանի ժողովրդին մեծ պարգև»,-ասաց նա՝ նշելով, թե իր կարծիքով՝ ծրագրի տրամաբանությունը սխալ չէր, պարզապես ոչ ամբողջական էր:
Գոբլը կարևորեց, որ իր նախագծի մասին մտածելիս ընդունեն, որ ինքը փորձել է այնպես անել, որ ընդունված փոփոխությունների համար հնարավորինս փոքր գին վճարվի:
Մանրամասները՝ տեսանյութում: