Մավրիկիոսի ափերի մոտ էկոլոգիական աղետի պատճառ դարձած նավը երկու մասի է բաժանվել (լուսանկարներ)
Международные новостиՄավրիկիոս կղզու մոտակայքում ծանծաղուտում հայտնված ճապոնական նավը, որից ավելի քան հազար տոննա նավթամթերք է արտահոսել Հնդկական օվկիանոս ՝ աղտոտելով անապակ, փիրուզագույն ջրերը, երկու մասի է բաժանվել, հայտնում է The Guardian-ը:
Ծանծաղուտում հայտնված MV Wakashio նավի վիճակն օրեցօր վատանում էր, և այն ի վերջո երկու կես է եղել, ինչի մասին հայտնել է Մավրիկիոսի ազգային ճգնաժամային կոմիտեն:
Հայտնի է, որ նավը ծանծաղուտ է մտել ու այլև չի կարողացել դուրս գալ հուլիսի 25-ին: Դրա հետևանքով 1180 տոննա չվերամշակված նավթը հայտնվել է մաքրամաքուր ջրերում՝ վտանգելով մարջանի խութերի, ձկների և ջրային կյանքի մնացած բոլոր տեսակների գոյությունն ու կղզու պատմության մեջ խոշորագույն բնապահպանական աղետի պատճառ դառնալով:
Մավրիկիոսի կառավարության փոխանցմամբ՝ արտահոսած նավթի մեծ մասը մաքրվել է, սակայն ջրում շարունակում է դեռևս 166 տոննա նավթամթերք մնալ:
Ինչ վերաբերում է նավի դուրս հանմանը, ապա դա, ըստ ամենայնի, ամիսներ կտևի:
Ըստ գիտնականների՝ արտահոսքի հասցրած վնասը կարող է տասնամյակներ շարունակ ազդեցություն ունենալ Մավրիկիոսի՝ զբոսաշրջությունից կախված տնտեսության վրա:
Հայտնի է, որ Wakashio նավը բեռները Չինաստանից դեպի Բրազիլիա էր տեղափոխում, սակայն Հնդկական օվկիանոսում ծանծաղուտի մեջ հայտնվելու հետևանքով վնասվել է դրա այն հատվածը, որտեղ պահվում է վառելանյութը։ Ներկայում լուրջ մտավախություն կա առ այն, որ նավում մնացած 1800 տոննա նավթամթերքը ևս կարտահոսի, քանի որ նավը սկսել է մասերի բաժանվել: