«Բենն անչափ գեղեցիկ խոսքերով առաջարկությունն արեց, եւ ես շատ հուզվեցի». Բենի ու Դիանայի նշանադրության մանրամասներն ու չհրապարակված լուսանկարները
ИнтервьюՀայկական շոու-բիզնեսի ամենաքննարկված ու գեղեցիկ զույգերից մեկը` դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը, օգոստոսի 3-ին օրինականացրել են իրենց հարաբերությունները: Զույգի նշանդրեքը կայացել է բացօթյա տարածքում` ընտանիքի անդամների եւ ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Մինչ համացանցում շարունակում էին տարածվել աստղային նշանդրեքից տեսանյութերը` Բենն ու Դիանան վայելում էին իրենց նոր կարգավիճակը` առանց երկար-բարակ բարձրաձայնելու իրենց երջանկության մասին, սակայն NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան պատմել է իր եւ սիրելիի կարեւոր օրվա ամենազավեշտալի, հուզիչ ու հիշարժան դրվագների, ինչպես նաեւ խոսել զգեստի ընտրության եւ իր կերպարի մասին:
Դիանան խոստովանեց, որ մի քանի օրում են որոշել ու պատրաստվել նշանադրությանը. ավելի երկար ժամանակ խլել է զգեստի ընտրությունը.
«Միշտ շատ դժվարությամբ եմ ընտրում կերպարներս, օրերով զգեստ եմ փնտրել ու միշտ ինչ-որ դետալ դուրս չի եկել, իսկ ամեն ինչ կախված էր զգեստից` թե տորթի, թե տեղանքի դիզայնը: Այդպես` պատահաբար տեսա մի զգեստ, որը շատ հավանեցի, եւ այն ինձ համար կարեց Բենի զարմուհին` Վիվին, եւ ես, իսկապես, շատ շնորհակալ եմ նրան` ամեն դետալ շատ մանրակրկիտ ու գեղեցիկ էր արված: Դե, դիմահարդարումս էլ, ինչպես միշտ, վստահել էի Թինա Թեւոսյանին»,-պատմում է դիմահարդարը:
Դիանայի ու Բենի նշանադրության, թերեւս, ամենաքննարկված դրվագը զույգի` լողավազանում հայտնվելն էր: Դիմահարդարը պատմեց, թե ինչպես է սիրելիի հետ նետվել ջուրը.
«Շատ խոսվեց այդ մասին (ծիծաղում է): Ճիշտն ասած` սկզբում Բենին նետեցին լողավազանը, եւ երբ ես նկատեցի, որ արդեն մոտենում են ինձ էլ հրելու, ինքս ցատկեցի այնտեղ»:
Բայց Դիանայի համար երեկոյի ամենահիշարժան պահը դա չէր...
«Մատանիների փոխանակման ժամանակ Բենը շատ գեղեցիկ խոսքերով առաջարկությունն արեց, եւ ես շատ հուզվեցի...Նաեւ ինձ համար հիշարժան էր տորթը կտրելու պահը. Սարգիս Ավետիսյանի «Համբուրիր ինձ» երգի ժամանակ Բենն ինձ գրկեց ու մենք պտտվեցինք հրավառության ներքո, իսկ մեզ վրա շոմպայն էին լցնում: Իրոք շատ հիշարժան ու գեղեցիկ էր ամեն ինչ»,-պատմում է նա` հավելելով, որ կյանքը նշանադրությունից հետո շատ չի փոխվել.
«Կյանքումս շատ բան չի փոխվել, քանի որ Բենը միշտ է իմ հանդեպ ուշադիր եղել, ինչպես ասում են` բողոքելու տեղ չունեմ (ծիծաղում է)»:
Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին` Դիանան ժպիտով հավելեց.
«Դեռ հարսանիքը չենք պլանավորել, բայց չի բացառվում, որ էլի անակնկալ լինի, քանի որ թե ես, թե Բենը միանգամից ենք ամեն ինչ որոշում»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ