«Ինչպիսին ընդհանուր պատկերն է, նույնն էլ հայելու էֆեկտով կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում է»․«Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթով 2021թ.-ի երկրորդ կիսամյակում նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը նման մարմին ստեղծելու գաղափարը դիտարկում է իրականացվող ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում:
«Այսինքն, ստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմա պետք է ստեղծվի նաև այն միասնական մարմինը, որը կոռուպցիոն հանցագործություններն է քննելու: Որքան հասկանում եմ, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր դատական համակարգը գերծանրաբեռնված է, ու գործերի քննությունները բավականին երկար են տևում: Հաշվի առնելով դա, կարծես, նպատակահարմար է եղել ստեղծել դատական մասնագիտացված օղակ, որն արագ կքննի կոռուպցիոն հանցագործությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ատովմյանը:
Ըստ նրա՝ այլ հարց է, թե ինչպիսին կլինի այդ մարմնի արդյունավետությունը:
«Այն բոլոր հակակոռուպցիոն մարմինները, որոնք այս պահի դրությամբ արդեն իսկ ստեղծված են, չեմ կարծում, որ արդյունավետ են գործում: Ես որոշակի վերապահումներ ունեմ կապված այդ մարմինների գործունեության արդյունավետության, ինչպես նաև արագության հետ: Ու այս առումով, բնականաբար, չեմ կարող ասել, թե որքանո՞վ ավելի արդյունավետ կգործեն հակակոռուպցիոն դատարանները: Ժամանակին ստեղծեցինք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որն աշխատեց բավականին անարդյունավետ:
Հիմա դրա փոխարեն ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Արդեն տևական ժամանակ է՝ այդ մարմինն աշխատում է, բայց գործունեության առումով կրկին խնդիրներ կան: Չէի ցանկանա, որ համանման ճակատագրի արժանանա նաև հակակոռուպցիոն դատարանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումից միայն կես կամ մեկ տարի անց կարող ենք գնահատել արդյունավետությունը:
«Ձեռնարկված սահմանադրական բարեփոխումների հիմնավորումներից մեկն այն է, որ պետք է ունենանք անկախ դատական իշխանություն: Առհասարակ, բոլոր մակարդակներում խոսվում է, որ դատական համակարգն անկախ ու անկաշառ պետք է լինի: Եվ խոսվում է նաև այն մասին, հակակոռուպցիոն դատարանի դատավորներն առաջին հերթին պետք է լիովին անկախ ու անկաշառ լինեն:
Այնուամենայնիվ, միայն պրակտիկան ցույց կտա, թե այն բոլոր մեխանիզմները, որոնք նախատեսում ենք ներդնել թե՛ հիմա, թե՛ սահմանադրական բարեփոխումներից հետո, որքանով են արդյունավետ, որովհետև մենք միշտ իրականացրել ենք սահմանադրական, դատաիրավական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով անկախ ու ազնիվ դարձնել դատական համակարգը, բայց դժգոհ ենք մնացել ու մինչև հիմա էլ դժգոհ ենք դատական համակարգի իրավիճակից»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Մ. Ատովմյանը շեշտեց, որ մեզ մոտ շարունակում ենք շեշտադրումը դնել պատժիչ համակարգի վրա:
«Անընդհատ լսում ենք հայտարարություններ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, ինչ-որ մարդկանց ձերբակալման մասին: Զուգահեռ՝ կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական մեթոդի համեմատ մեզ մոտ կոռուպցիայի կանխարգելման ու հատկապես հակակոռուպցիոն կրթության բաղադրիչները թերզարգացած են մնում: Հակակոռուպցիոն կրթության առումով մենք շատ ավելի տխուր վիճակում ենք: Ըստ իս, մենք անգամ կոռուպցիայի քրեաիրավական մեթոդի հետ կապված թափանցիկության ու հաշվետվողականության պակաս ունենք, որովհետև հանրության լայն շրջանակները չեն ստանում տեղեկություն հարուցված քրեական գործերի հետագա ընթացքի ու արդյունքների մասին:
Ամբողջական ինֆորմացիան հանրությանը չի մատուցվում, ինչը, ըստ իս, խնդիր է: Դրա համար շատ դժվար է գնահատել, թե այդ պատժիչ քրեաիրավական մեթոդի կիրառումն իր էությամբ որքանով է արդյունավետ: Պաշտոնյաները վիճակագրական տվյալներ են հայտնում որոշակի քանակի կոռուպցիոն գործերի քննության մասին, բայց դրանք չոր թվեր են: Բավարար չեն ստանալու ամբողջական պատկեր առ այն, թե քրեաիրավական առումով որքանո՞վ է արդյունավետ պայքար մղվում կոռուպցիայի դեմ: Հայտարարագրերի վերլուծության մեխանիզմը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առհասարակ ևս մեծ ճանապարհ ունի անցնելու»,-ասաց փաստաբանը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն դատարանի անհրաժեշտությանը ու դիտարկմանը՝ միգուցե վերոնշյալ խնդիրները լուծելուց հետո միայն մտածեինք հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին, մեր զրուցակիցն արձագանքեց.
«Կարծում եմ, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացվեն, որ ավելի արդյունավետ լինեն: Բայց մենք առհասարակ տարբեր բնագավառներում հանրային կառավարման լուրջ խնդիրներ ունենք. կան թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ կադրային բնույթի խնդիրներ: Մի պետություն է, ու այդ պետության օղակները փոխկապակցված են: Դրա համար չի կարող մի օղակում շատ լավ լինել, մնացածում շատ վատ կամ հակառակը: Մեծ հաշվով, ինչպիսին ընդհանուր պատկերն է, նույնն էլ հայելու էֆեկտով կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում