Ինչո՞ւ Վահրամ Ավետիսյանը հետ կանչեց իր համաձայնությունը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել: Ավետիսյանը մասնավորաբար իր ՖԲ էջում գրել էր. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության,
Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բազմաթիվ հարցերի շարքում գերակշռող են եղել հարցերը կապված Մարտի 1-ի գործի հետ: «Իմքայլական» պատգամավորները թափանցիկ կերպով հասկացրել են Վահրամ Ավետիսյանին, որ նրա թեկնածությանը կողմ կքվեարկեն, եթե հավաստիացնի, որ գործելու է Վահե Գրիգորյանի «գծի մեջ», հակառակ դեպքում չի ընտրվի:
Ավետիսյանը, սակայն, նշել է, որ ինքը պրոֆեսիոնալ իրավաբան է, և լուրջ չէ ի սկզբանե որևէ գործի հետ կապված որոշում ակնկալել, յուրաքանչյուր գործ պետք է ուսումնասիրել մանրամասնությամբ և ըստ այդմ որոշում կայացնել, այլ ոչ թե առաջնորդվել կանխակալ վերաբերմունքով:
Հիմնական այս հակասությունն էլ պատճառ է դարձել, որ Ավետիսյանը հետ կանչի իր համաձայնությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում