Նավալնիի առողջական վիճակն առայժմ անփոփոխ է. Օմսկի առողջապահության նախարարություն
Международные новостиՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակն առայժմ անփոփոխ է, լրագրողներին հայտնել է ՌԴ Օմսկի մարզի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Տատյանա Շակիրովան, գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ մարզային առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Նավալնիի վիճակը կայուն ծանր է։
«Առայժմ այո», - ասել է Շակիրովան՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Նավալնիի վիճակն անփոփոխ է մնում։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։
Ավելի ուշ ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտնել էր, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնիի վիճակը։
Բժիշկները դեռևս չեն հայտնել վերջնական ախտորոշումը: