Խոստումները կան, շոուն կա, իսկ գործնականում որևէ դրական միտում չի նկատվում․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է հսկայական վնասներ պատճառել համաշխարհային տնտեսությանը, սակայն մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս շուտ տնտեսության վերականգնման փուլ դուրս գալու ուղղությամբ։ Իսկ այս հարցում կարևոր նշանակություն ունի նաև սահմանների բացումն ու օդային հաղորդակցության վերականգնումը։ Որքան արագ հնարավոր լինի հասնել համաճարակի տարածման տեմպերի կրճատմանը, այնքան մեծ հնարավորություններ կբացվեն տնտեսության վերականգնման համար։
Սակայն փորձագետների շրջանում կանխատեսումներ կան, որ կորոնավիրուսը հեշտությամբ չի նահանջելու, հնարավոր են վարակի նոր բռնկումներ, ուստի պետք է համակերպվել այս իրողությանը և համաճարակային պայմաններում կարողանալ ապահովել բնականոն ռեժիմ ու ըստ այդմ խթանել նաև տնտեսական գործունեությունը։ Մարտից սկսած Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարված։ Եվ այս վեց ամիսը բավական ժամանակահատված էր, որպեսզի հետևողական քայլեր ձեռնարկվեին ստեղծված իրավիճակին տնտեսությունն ադապտացնելու և տնտեսական սրընթաց անկումը դանդաղեցնելու ուղղությամբ։
Բայց արի ու տես, որ ժամանակի հետ տնտեսական անկման տեմպը ընդհանուր առմամբ չի դանդաղում։ Այսպես՝ տնտեսության անկման տեմպերը երկու ամիս որոշակի դանդաղելուց հետո հուլիսին կրկին արագացել են: Եվ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,2%-ով նվազել է: Անկման տեմպերը հատկապես արագացել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում: Իսկ եթե ցուցանիշները դիտարկում ենք տարվա յոթ ամիսների կտրվածքով՝ հունվար-հուլիսին, ապա ստացվում է, որ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7%-ով:
Ըստ էության, կառավարության կողմից նախաձեռնված՝ կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումները չեն տալիս այն արդյունքները, որոնք ակնկալվում էին։ Եվ այս իրավիճակում բավարար հիմքեր կան պնդելու, թե իշխանությունները չեն կողմնորոշվում, թե ինչ քայլերով և ինչից պետք է սկսել տնտեսության վերականգնումը։ Միանշանակ է, որ եթե իշխանությունները կարողանան բարելավել երկրի ներդրումային միջավայրը և դրսից ներդրումներ ներգրավել, ապա դա հնարավորություն կտա մեղմել ներկայիս ճգնաժամային իրավիճակը։
Այս հանգամանքով է պայմանավորված, որ վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված աշխատանքների մասին։ Սակայն հիմնական հարցն այն է, որ վարչապետը ներդրումների խնդրի շուրջ պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում և հանդիպումներ ունենում, սակայն ներդրումների իրականացման թեման այդպես էլ դուրս չի գալիս քննարկումների մակարդակից և գործնական տեսք չի ստանում։ Երկու տարվա ընթացքում իշխանությունները հանրության շրջանում սպասումներ են ձևավորել, թե որոշ ժամանակ անց Հայաստան են հոսելու հսկայական չափերի ներդրումներ, սակայն դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել։
Եթե անցած տարվա ընթացքում, երբ տնտեսությունն աճում էր և ներդրումների համար համեմատաբար բարվոք պայմաններ էին ստեղծված, արտերկրից ներդրումների սպասված քանակությունը չկար, ապա ճգնաժամի պարագայում կառավարությունն ի՞նչ հիմքերով է ակնկալում, որ առաջիկայում մեր երկրում աճելու են ներդրումները։ Այս իրավիճակում տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները լուծում են այն խնդիրը, որը միտված է ուղղակի հանրությանը ցույց տալ, թե իբր աշխատում են ներդրումների ուղղությամբ, բայց իրականում իրենց հույսը դրել են դրսից ստացվող վարկերի վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում