«Եթե կարողանանք անգամ մեկ մարդու կամ կազմակերպության օգնել, դա արդեն մեծ բան է». նկարիչների նախաձեռնությունը՝ ի աջակցություն լիբանանահայությանը․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունները ցնցեցին բոլորիս: Մարդկային զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, անօթևան մնացածներ, իհարկե, նաև նյութական ահռելի վնասներ: Այս ամենից զերծ չմնաց նաև հայկական համայնքը: Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկվեց Բեյրութ՝ դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր և այլն: Պայթյունից օրեր անց Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը սոցիալական ցանցի իր էջի միջոցով դիմեց նկարիչների միության բոլոր անդամներին՝ առաջարկելով աջակցել լիբանանահայերին:
«Բեյրութի մեր հայրենակիցներն օգնության կարիք ունեն: Նկարիչներն ի վիճակի են իրենց ստեղծագործությունների աճուրդով աջակցություն ցուցաբերել»,-գրել էր Հաղթանակ Շահումյանը: Նախաձեռնությանը միացավ նկարիչների միությունը: «Հայաստանի նկարիչների միությունը, միանալով ՀՆՄ անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի բարեգործական նախաձեռնությանը՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ կապված, նվիրատվության սկզբունքով աշխատանքներ է հավաքագրում, որոնցով կազմակերպված աճուրդից գոյացած ողջ գումարը փոխանցվելու է պայթյունից տուժած Բեյրութի հայությանը»,-ասված էր հայտարարության մեջ:
«Բեյրութի հայկական գաղութը խոշոր է ու ազդեցիկ, ցավոք, հիմա կրկնակի պակասել է, մարդիկ տեղահանվել են, հիմա էլ այս պայթյունը: Մենք ինքներս տեսել ենք չարիք, տեսել ենք երկրաշարժ, պատերազմ, ինչպե՞ս կարող էինք անտարբեր լինել նրա նկատմամբ, ինչ կատարվում է մեր հանդեպ շատ լավ տրամադրված երկրում: Այստեղ միայն հայկական համայնքի խնդիրը չէ: Չենք կարող անտարբեր լինել Լիբանանի հետ մեր պատմական կապերի նկատմամբ: Շատ ուրախ եմ, որ իմ նախաձեռնությանն արձագանքեցին շատ նկարիչներ, արվեստագետներ, անընդհատ զանգահարում են, հարց ու փորձ անում, թե ինչպես պետք է նկարները հավաքել, ուր տանել: Հ
ուսանք՝ այս կերպ կկարողանանք օգտակար լինել: Նկարիչների միությունը ևս նախաձեռնություն է ցուցաբերել, նպատակ ունի և՛ ԶԼՄ-ների, և՛ մեր դիվանագիտական կորպուսի միջոցով օգտակար լինել, որպեսզի կարողանանք մեր նախաձեռնությունը հասցնել իր նպատակին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շահումյանը: Սեպտեմբերի 4-ից 14-ը նկարիչների միությունում կմեկտեղվեն նկարիչների աշխատանքները, երբ արդեն որոշակի քանակի նկարներ ունենան, նախ՝ երևի թե ցուցահանդես կկազմակերպվի Երևանում՝ նկարիչների միության դահլիճում: «Ներկա կլինեն տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մտածում ենք, որ այնուհետև նկարները պետք է տարվեն մի քանի երկրներ, որտեղ հայկական մեծ համայնքներ կան: Տեղերում կկազմակերպվի նկարների վաճառք, և ամբողջ հասույթը կփոխանցվի մեր հայկական համայնքին:
Հնարավոր է՝ Հայաստանում էլ լինեն մարդիկ, որ գնեն, աջակցեն, սակայն այդքան մեծ հնարավորություններ այստեղ չկան՝ ելնելով մարդկանց ֆինանսական դրությունից: Բեյրութից վերջերս նամակով ինձ դիմեցին, ասացին, որ շնորհակալ են, ոգևորված մեր նախաձեռնությամբ: Նշեցին, որ մեր աջակցությունը՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական, իրենց համար շատ կարևոր է լինելու: Բոլորս էլ տարբեր առիթներով կապեր ենք հաստատել աշխարհի տարբեր երկրների մեր հայ եղբայր-քույրերի հետ:
Իմ ուսանողական տարիներին այստեղ Բեյրութից ժամանած բազմաթիվ մարդիկ էին ուսանում՝ բժշկական, գեղագիտական ինստիտուտներում: Հրաշալի նկարիչներ կան այնտեղ, շատ լավ հայկական համայնք, որը հրաշալի ազգապահպան գործ է կատարում: Մեր այս քայլն առաջին հերթին մեր խղճի, հոգու հանգստության համար է: Եթե կարողանանք անգամ մեկ մարդու կամ կազմակերպության օգնել, դա արդեն մեծ բան է»,-եզրափակում է նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում