«Այս մարդիկ որևէ հարցում պատասխանատվություն չեն վերցնում, ինչն իրենց թուլության նշանն է». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում այսօր ոչ թե քաղաքական կառավարման խնդիր կա, այլ քաղաքական կառավարում առհասարակ գոյություն չունի: Կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի պնդումն է: Նրա դիտարկմամբ՝ ասվածը փաստող մի շարք իրողություններ կան: «Քաղաքական կառավարում ասելով՝ նկատի ունեմ օրենսդիր կառավարումը, դատականը և գործադիր կառավարումը, որովհետև իշխանությունն այս երեք հիմնական ճյուղերի միջոցով է կարողանում կառավարել ու կարգավորել հարաբերությունները պետության ներսում: Բայց մենք այս ընթացքում ոչ թե քաղաքական կառավարման ճգնաժամի առաջ ենք կանգնել, այլ, ըստ էության, մենք չունենք քաղաքական կառավարում:
Վերոնշյալ երեք ճյուղերից յուրաքանչյուրին Սահմանադրությամբ ու օրենքներով որոշակի լիազորություններ ու գործառույթներ են վերապահված: Օրինակ՝ խորհրդարանին վերապահված է ծավալել օրենսդիր գործունեություն, ինչպես նաև վերահսկողություն իրականացնել կառավարության գործունեության նկատմամբ:
Երբ խորհրդարանն իր օրենսդրական գործառույթները թերի է կատարում, վարչապետի գործունեության նկատմամբ թերի վերահսկողություն է իրականացնում, այդ ժամանակ կարող ենք ասել, որ կառավարման որոշակի խնդիրներ կան, բայց մեզ մոտ այլ իրավիճակ է: Խորհրդարանն առհասարակ իր գործառույթը չի կատարում, և այդ դեպքում կարող ենք ասել, որ օրենսդիր կառավարում գոյություն չունի: Սա մեզ մոտ առկա իրավիճակը պատկերացնելու համար կառավարման բացակայության ընդամենը մեկ օրինակ է:Բայց կարող է հարց ծագել՝ այդ դեպքում երկիրն ինչո՞ւ քաոսի չի վերածվում»,-«Փաստի» հետ զրույցում հարց տվեց կառավարման փորձագետն ու բացեց փակագծերը:
«Չի վերածվում, որովհետև ընթացիկ կառավարումը և կարգավորումը տեղի է ունենում բյուրոկրատական համակարգի կողմից: Վարչության պետերի, բաժնի պետերի, գլխավոր մասնագետների, գլխավոր քարտուղարների, մեծ հաշվով, առավելագույնը հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից է տեղի ունենում երկրի ընթացիկ կառավարումը:
Բայց առանց քաղաքական կառավարման բյուրոկրատական համակարգի կողմից չի կարող երկարաժամկետ կառավարում տեղի ունենալ, որովհետև բյուրոկրատական համակարգը չի կրում քաղաքական պատասխանատվություն: Ընդհանուր առմամբ, դատական մարմնում ամբողջությամբ շիլաշփոթ է, մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում կառավարությունում, իսկ այն, ինչ կատարվում է խորհրդարանում, զարհուրելի է: Մեծ հաշվով, մենք չունենք քաղաքական իշխանություն»,-շեշտեց Ա. Համբարձումյանը: Կառավարման փորձագետի խոսքով, ամենամեծ սխալը սկսվեց 2018 թվականի մայիսից:
«Երբ ՀՀ 16-րդ վարչապետը ստանձնեց իր պարտավորությունները, իր բոլոր գործողությունները միտված էին մեկ կետի՝ անել այնպես, որ իշխանության բոլոր ճյուղերը ենթարկվեն միայն իրեն: Առհասարակ, կան իշխանություններ, որոնք իրենց գործողությունների հիմքում դնում են, օրինակ՝ ՀՆԱ-ն ամեն կերպ ավելացնելու խնդիրը, կան իշխանություններ, որոնց քաղաքականության հիմքում հասարակության ամենաաղքատ խավի եկամուտներն ավելացնելն է:
Այս իշխանության նպատակը մեկն է եղել՝ անել այնպես, որ բոլորը ենթարկվեն Ն. Փաշինյանին: Հենց այս նպատակը հանգեցրեց նրան, որ ինքն առհասարակ կորցրեց իշխանությունը: Փաստորեն, մենք մի կողմից` ունենք վարչապետ, որը փորձում է ամբողջությամբ իշխանության բոլոր ճյուղերը ենթարկեցնել իրեն ու կենտրոնացնել իր ձեռքում, մյուս կողմից` ունենք իրավիճակ, ըստ որի, ՀՀ-ում նա բացարձակապես իշխանություն չունի: Ասվածի փաստարկներից մեկն այն է, որ պետության համար կարևոր խնդիրների, որևէ գլոբալ հարցի վերաբերյալ որոշում չեն կարողանում կայացնել: Բացի այդ, այս իշխանության հիմքը վարչապետի կանչով «live»-ի միջոցով փողոց դուրս եկող զանգվածն էր:
Երբ 2019 թվականին վարչապետը մարդկանց ևս մեկ անգամ փողոց էր հրավիրում, նրանք այլևս դուրս չեկան: Շուրջ հազար մարդ դուրս եկավ, որոնցից կեսն իր թիմակիցներն էին: Սա հերթական արձանագրումն էր, ըստ որի՝ այս իշխանությունը կորցրել է իր իշխանության հենքը»,-շեշտեց մեր զրուցակիցը:Նա հավելեց՝ կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու խնդիրն իր պատճառներն ունի: «Իշխանությունը չունի ուժ, որովհետև հենք չունի:
Չունի այն ուժը, որ կարողանա տարբեր խմբերի շահերին վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել: Երբ մենք խոսում ենք կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումներ չկայացնելու մասին, այստեղ պետք է առանձնացնել նաև սեփական կարծիք ունենալու և հարցերին խորքային առումով տիրապետելու խնդիրը: Կարևորագույն հարցերի վերաբերյալ սեփական կարծիք չունենալը նույնպես հանգեցնում է որոշումներ կայացնել չկարողանալու խնդրին: Երկրորդ՝ կա նաև որոշում կայացնելու վախ, որովհետև կա մտահոգություն, որ այն հետագայում կարող է ազդել էլեկտորալ վարքագծի վրա:
Բայց դոմինանտը սա չէ: Մեծ հաշվով, Ն. Փաշինյանին չի էլ հետաքրքրել իր վարկանիշը կամ այն, թե վաղն ընտրություններ լինելու դեպքում որքան մարդ կքվեարկի: Հետաքրքրել է մի ցուցանիշ. եթե «live»-ով մարդկանց հրավիրի փողոց, իրեն լսողների քանի՞ տոկոսը փողոց դուրս կգա: Ի դեպ՝ արդեն 2019 թ. մայիսին այդ ցուցանիշը 0,5-0,7 տոկոսի սահմաններում էր տատանվում: Ու եթե հաշվի առնենք, որ դրանից հետո ավելի մեծ հիասթափություն է եղել, կարելի է ասել, որ այդ ցուցանիշը հիմա ավելի է իջել: Բացի այս ամենից, մի դրսևորում էլ կա, ինչն ավելի շատ բնորոշ է դեռահասներին: Խոսքը բոլորին դուր գալու մասին է:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով փորձում է բոլորին դուր գալ, բայց դա իրեն մեծապես կանգնեցնում է զվարճալի իրավիճակների առաջ: Առհասարակ պետք է կարողանալ կատարել գործը, որոշակի գաղափարներ ունենալ և օգտագործել պետական լծակները՝ այդ գաղափարները կյանքի կոչելու համար: Բոլորին դուր գալը քաղաքական նպատակ չէ»,-ընդգծեց Ա. Համբարձումյանը: Միևնույն ժամանակ կառավարման փորձագետը պատասխանատվության խնդրի մասին մատնանշեց:
«Բոլոր ձախողումներում Փաշինյանը պատասխանատվությունը դրել է ժողովրդի, ինչպես նաև այն բյուրոկրատական համակարգի վրա, որի ջանքերի շնորհիվ երկիրը չի վերածվում քաոսի: Եվ պատահական չէր, որ ասուլիսներից մեկի ժամանակ նա հայտարարեց, թե պետական համակարգի ապարատում կա մի ստվար զանգված, որը դիմադրում է հեղափոխությանը: Մեծ հաշվով, բոլորի վրա մեղքը կբարդի, բացի իրենից ու իր թիմից:
Ընդհանրապես, սեփական արարքների համար պատասխանատվություն չվերցնելը թույլ մարդու գործելաոճ է: Այս մարդիկ որևէ հարցում պատասխանատվություն չեն վերցնում, ինչն իրենց թուլության նշանն է»,եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում