«Գահերի խաղի» հեղինակները նոր սերիալ են նկարահանում
Культура«Գահերի խաղի» հեղինակներ Դեյվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուայսը «Netflix»-ի հետ համատեղ նկարահանում են «Երեք մարմնի մարտահրավեր» սերիալը, որի հիմքը չինական գիտաֆանտաստիկ համանուն եռագրությունն է։
«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ ստեղծագործության հեղինակը Լյու Ցիզինն է։ Եռագրությունում ներկայացվում է մարդկության առաջին շփումը այլմոլորակայինների հետ։
Ֆիլմի սցենարիստները համատեղ մամուլի ասուլիս ընթացքում ասել են, որ գիրքը լավագույն ֆանտաստ ոճի ստեղծագործությունն է, որ իրենք երբևէ կարդացել են։
«Ամեն ինչ սկսվում է փոքրիկ Կապույտ մոլորակից և ավարտվում մեկ ընդհանուր տիեզերքում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա տարիներին, որպեսզի ֆիլմն ամբողջությամբ պատրաստ լինի և ներկայացվի հանդիսատեսի դատին»,- միաձայն ասել են Բենիոֆն ու Ուայսը։
Նախագծի սցենարիստներից մեկն էլ կլինի Ալեկսանդր Վուն։
Նշվում է նաև, որ ֆիլմի հիմք հանդիսացած եռագրության հեղինակը ևս մասնակցելու է նկարահանումներին, որպեսզի իր խորհուրդներով օգնի նկարահանող խմբին։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ստեղծագործական թիմին, որը հեռուստատեսային էկրանին է հարմարեցնելու «Երեք մարմնի մարտահրավեր» գիրքը», - ասել է Ցիզինը:
Ըստ աղբյուրի, 2019-ի օգոստոսին «Գահերի խաղի» հեղինակները «Netflix»-ի հետ 200 միլիոն դոլարի պայմանագիր են կնքել։