«Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը կարող է նոր «սառը պատերազմի» հանգեցնել». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (լուսանկարներ)
Международные новостиՌուսաստանը ռիսկի է դիմում նոր «սառը պատերազմ» սկսել, եթե փորձի ուժը ցուցադրել իր սահմաններից դուրս: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Daily Mail պարբերականը:
Ստոլտենբերգը նշել է, որ վերջին շրջանում Մոսկվայի ցուցաբերած պահվածքը և «ազդեցության ընդլայնման փորձը պահանջում են ՆԱՏՕ-ի արձագանքը»:
Գլխավոր քարտուղարի խոսքերը հնչել են Հյուսիսատլանտյան դաշինքի նիստից մի քանի օր հետո: Նիստում քննարկվել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» հարցը:
«Մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ», մենք չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է համոզվենք, որ հարմարվում ենք, քանի որ աշխարհը փոխվում է»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Մոսկվայի ագրեսիվ գործողությունները հարևանների նկատմամբ` «ազդեցության գոտին» ընդլայնելու նպատակով ՆԱՏՕ-ի անհանգստության կենտրոնում են:
«Մենք դա տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, և դա պահանջում է ՆԱՏՕ-ի արձագանքը»,-ասել է Ստոլտենբերգը:
Նա նշել է նաև, որ Պուտինը պետք է «շատ լուրջ հարցերի պատասխանի» այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: