Tesla-ի բոսնիացի երկրպագուն ստեղծել է Cybertruck էլեկտրապիկապի իր տարբերակը (լուսանկարներ)
Международные новостиTesla մեքենաշինական ընկերության բոսնիացի երկրպագուն, չցանկանալով սպասել Cybertruck էլեկտրապիկապի՝ 2021 թվականի վերջին նախատեսված թողարկմանը, «ֆուտուրիստական» մեքենայի իր սեփական տարբերակն է ստեղծել, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ Stark Solutions ընկերության ՏՏ մասնագետներից և ինժեներներից ութ ամիս է պահանջվել, որպեսզի ձևափոխեն Ford Raptor F-150-ը՝ այն վերածելով արտաքնապես Cybertruck-ին չափազանց նման էլեկտրական պիկապի։
Ընկերության մենեջեր Մարիո Կորիկը Reuters գործակալությանը հայտնել է, որ փոխադրամիջոցի՝ հարավային Մոստար քաղաքի փողոցներով առաջին ուղևորությունը մեծ ուշադրություն է գրավել։
«Բոլորն ուշադիր նայում էին, և նրանց մեծ մասը մտածում էր, որ մենք տանկ ենք ստեղծել, քանի որ մարդիկ չգիտեն Cybertruck-ի մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ մեքենայի սեփականատերը ցանկանցել է միավորել Ford Raptor F-150-ը և Cybertruck-ը, «քանի որ Tesla-ի և Ford-ի երկրպագու է»։
Նշենք, որ ամերիկյան Tesla ընկերության նորույթը՝ էլեկտրական պիկապը, բառացիորեն անխոցելի է, քանի որ նրա դռները նույն նյութից են պատրաստված, ինչ SpaceX տիեզերական հրթիռներինը:
Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով, որոնք մեկ լիցքավորմամբ կկարողանան 400, 480 ու համապատասխանաբար՝ 800 կիլոմետր անցնել։
Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից: