Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է. սիրված դերասանը դառնում է 78 տարեկան
КультураMAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանն ասաց, որ տրամադրությունը բարձր է, իրեն շատ լավ է զգում, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, դրանցից «վերցրել ամենաօգտակարները»:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվում վերջին շրջանում և ինչի՞ն նվիրում ժամանակը, պատասխանեց, որ շարունակում է ակտիվ կյանք վարել. «Ակտիվ գործունեություն եմ վարում, մասնակցում եմ բոլոր այն միջոցառումներին, որոնք հետաքրքիր են ինձ: Այդ առումով ես անմասն չեմ մնում... Երեկ չէ առաջին օրը գնացինք վարչապետի կազմակերպած համերգին՝ բնության գրկում, սիմֆոնիկ նվագախմբի, հայ երաժիշտների մասնակցությամբ: Երբ որ ինձ հարցնում են, թե վերջին շրջանում ինչո՞վ ես զբաղված, ասում եմ՝ այսպիսի միջոցառումների մասնակցելով, որտեղ նաև իմ մասնկացությունը կա որոշ առումով. դա ինձ համար ամենահաճելի պահերից մեկն է:
Ուզում եմ խոստովանել, որ այդ օրը ես զգացի՝ վարչապետի գործը շատ կարևոր էր. արվեստը, Զինված ուժերը՝ միահամուռ, կազմակերպված... կլինի՝ արվեստ, բանակ, թե այլ ասպարեզ, շատ կարևոր է այդ միասնությունը, համախմբվածությունը...»:
Հարցին, թե ի՞նչն է այսօր ամենից շատ անհանգստացնում նրան, պատասխանեց. «Բնականաբար, այս կարանտինային վիճակը, որ չգիտես ինչքան կձգվի՝ մեկ տարի, երկու տարի, 10 տարի. բայց իմ տարիներն էլ այդքան շատ չեն... ես չեմ կարող ասել՝ 10 տարի հետո գործ կանե՞մ. ես անհամբեր սպասում եմ, թե երբ այս ամենը կավարտվի՝ անցնեմ գործի»:
Իսկ թե ի՞նչը կփոխեր սիրված դերասանն իր ապրած կյանքում, կանցնե՞ր արդյոք նույն ճանապարհները, Ռաֆայել Քոթանջյանը կարճ պատասխանեց. «Ոչինչ չէի փոխի»:
Դիմելով քաղաքացիներին՝ նա հորդորեց. «Երբ որ կարանտինը հանվեց, ուշադիր եղե՛ք, որտեղ որ կտեսնեք իմ մասնակցությամբ միջոցառումներ, առիթը բաց չթողնեք, անպայման եկեք»: