Հանրային քննարկման է ներկայացվել այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀում այգեգործության զարգացման 20202023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նշվում է՝ կառավարության ռազմավարական նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումն է, մասնավորապես՝ ինտենսիվ պտղատու այգիների հիմնումը, ոռոգման արդիական ու կարկտապաշտպան համակարգերի ներդրումը։
Վերջիններս հնարավորություն կտան էապես խնայել ջրային և հողային ռեսուրսները, ինչպես նաև նվազեցնել կարկտահարությամբ և բնակլիմայական այլ գործոններով պայմանավորված ռիսկերը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։
Բացի այդ, պտղաբուծությունն ու խաղողագործությունը սերտորեն կապված են ագրովերամշակող արդյունաբերության հետ, որը կարևոր նշանակություն ունի գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով։ Պտղի և հատապտղի, խաղողի արտադրության ծավալների ավելացումը կհանգեցնի նաև ագրովերամշակող արդյունաբերության հումքային բազայի կայունացմանը։ Այգեգործության ճյուղում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է ժամանակակից, բարձր բերքատու այգիների հիմնմանը, մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը:
Այգեգործության ոլորտում կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես¬՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում