«Ընկերներս ինձ «ծերուկ» էին ասում». Գոռ Բարսեղյանը` 33-ամյակի նպատակների, նոր նախագծի և անձնական կյանքի մասին
ИнтервьюՀումորիստ Գոռ Բարսեղյանը երեկ նշել է 33-ամյակը: Գոռի խոսքով` գրեթե երբեք չի ծրագրում, թե ինչպես է նշելու ծննդյան տարեդարձը, իր փոխարեն դա անում են ընկերները: Tert.am Life-ը Գոռի հետ զրուցել է տարեդարձի, անձնական և գործնական նպատակների, նոր նախագծերի մասին:
«Երեկվա օրն ինձ համար մյուս օրերից չէր տարբերվում, լավ տրամադրություն ունեի` չնայած լավ չէի քնել: Ծննդյանս օրն ինչ-որ բան չեմ ծրագրում, հիմնականում ընկերներս են կազմակերպում օրս, ես էլ միանում եմ նրանց: Ինձ համար այդ սա ավելի շատ ինչ-որ բաներ վերլուծելու, վերաիմաստավորելու օր է», ասաց նա:
Ըստ Գոռի` վերջերս սկսել է մտածել մեծացող թվերի մասին, բայց ոչ թե կոնկրետ մեծանալուց է վախենում, այլ ֆիզիկական անկարողությունից: «Դեռ շուտ է այդ մասին խոսել, բայց երբ լինեմ, օրինակ, 66 տարեկան, ցանկանամ արագ վազել կամ այլ բան անել ու ֆիզիկապես ի վիճակի չլինեմ, կվախենամ,-ասաց նա և հավելեց, որ հոգեպես իրեն, երբեմն, փոքր է զգում,- Շատերն են ասում, որ իմ տարիքից փոքր եմ երևում: Լինում է նաև, որ մի փոքր մեծ եմ զգում ինձ` կապված ինչ-որ հարցերի հետ, որոնց այլ կերպ եմ վերաբերում: Դանդաղաշարժ եմ, այդ առումով էլ, երբեմն, ինձ մեծ եմ զգում: Ընկերներս մի ժամանակ ինձ «ծերուկ» էին ասում»:
Խոսելով նպատակների մասին՝ հումորիստն ասաց, որ դրանք հիմնականում իրագործվում են: «Երևի դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կոնկրետ ժամկետներ չեմ նշում նպատակի իրագործման համար: Եթե ցանկություն ու գործողություններ կան, նպատակները կկատարվեն: 7 տարի է՝ ունեմ մի նպատակ, որն այս տարի կկատարվի: Խոսքը «Կոդեքս» հաղորդման մասին է, որը ցուցադրվելու է օնլայն, ինտերվյու ժանրում է: Միշտ երազել եմ ունենալ նման հաղորդում, որն ինձ համար էլ է նորություն: Այն հումորային ժանրի չէ, հումորը կարող է լինել ուղղակի մի մաս,- ասաց նա և հայտնեց, որ կա ևս մի քանի հաղորդում, որոնք կհեռարձակվեն օնլայն տարբերակով: -Ես և իմ ընկեր, պարուսույց Հովհաննես Սարգսյանը նախագծեր ենք պատրաստում օնլայն հարթակի համար»:
Հարցին՝ «Կոդեքս»-ը հետագայում հեռուստատեսությամբ կցուցադրվի՞, Գոռը պատասխանեց. «Հեռուտատեսությամբ ցուցադրելու նպատակ չունեմ: Եթե ունենայի, ի սկզբանե այդ տարբերակը կփորձեի: Հաղորդման ձևաչափն ազատ է, հյուրը կարող է ընթացքում ծխել, վիսկի խմել, արտահայտվել ավելի ազատ: Այդ առումով չեմ կարծում, որ որևէ հեռուստաընկերության այս ձևաչափը կհետաքրքրի: Հյուրերին չեմ ընտրելու ըստ իրենց ռեյթինգի, քանի որ հյուրը կարող է ռեյթինգ չունենալ, բայց լինել հետաքրքիր: Մրցակցությունից չեմ վախենում, եթե դիտողը կարծում է` իմ արած աշխատանքն ավելի վատն է, քան մյուսինը, ուրեմն` ես սովորելու բան ունեմ: Եթե հակառակը` նույնպես կսովորեմ և աճ կգրանցեմ»:
Գոռը նշեց, որ Women’s club-ում շարունակում է ակումբի անդամ համարվել. «Այնպես չէ, որ լուրջ հաղորդում եմ ունենալու ու հումորային հաղորդումներում հանդես չգամ»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ