Պուտինը համոզված է՝ ցուցարարները չեն կարողանա պաշտոնանկ անել Լուկաշենկոյին. Bloomberg
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Բելառուսում ցուցարարները չեն կարողանա պաշտոնանկ անել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին Bloomberg գործակալությանը տեղեկացրել է Կրեմլին մոտ կանգնած 5 աղբյուր` անանուն մնալու պայմանով:
Գործակալության աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի ղեկավարությունն ապշած էր բելառուսական բողոքի ակցիաների մասշտաբներից: Նրանց կարծիքով, չնայած Մոսկվան չի վստահում Լուկաշենկոյին, սակայն չի կարող ընդունել փողոցային ակցիաների միջոցով ընդդիմության իշխանության գալը և կաջակցի Լուկաշենկոյին ու կխրախուսի հաջորդական փոխանցման միջոցով իշխանափոխությունը:
Սեպտեմբերի 14-ին Պուտինը հանդիպում է ունենալու Լուկաշենկոյի հետ: Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ բողոքի ցույցերի բռնկումից ի վեր սա կլինի երկու նախագահների առաջին հանդիպումը:
«Բելառուսը մեծ նշանակություն ունի: Պուտինը չի ցանկանում լինել պարտվող կողմում»,-Bloomberg- ի հետ զրույցում նշել է «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը:
Միևնույն ժամանակ, ռիսկ կա, որ «Ռուսաստանն իր ունեցած ամենաբարեկամական հարևանին կդարձնի մի ժողովուրդ, որը նրանում տեսնում է Լուկաշենկոյի և բռնապետության պաշտպանի»,-նշել է Բելառուսում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նայջլ Գուլդ-Դևիսը:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: