Ոչ թե քաղաքացիների կյանքն ու իրավունքներն են հետաքրքրում, այլ սեփական քաղաքական նպատակները․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Հասարակության և պետության հարաբերություններն այսօրվա ամենաարդիական հարցերից են։ Եվ այս խնդրում անհրաժեշտ է նկատի առնել, որ պետությունը և հասարակությունը փոխադարձաբար կախված են միմյանցից և ունեն փոխադարձ պարտավորություններ։ Պետության նկատմամբ քաղաքացիների պարտավորությունների մեջ է մտնում, օրինակ՝ վճարել հարկերը և այլ համապատասխան տուրքերը, մասնակցել երկրի պաշտպանության գործին և այլն, իսկ դրա փոխարեն պետությունը պարտավորվում է ենթակառուցվածքներ ստեղծել, ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը, կենսաթոշակներ տրամադրել և այլն։
Բայց հասարակության և պետության առաջընթացի ու զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է, որ այս փոխադարձ պարտավորությունների կատարումը լինի բալանսավորված։ Այսինքն՝ քաղաքացիները չպետք է պետության կողմից շատ ծանրաբեռնվեն հարկերով և տուրքերով ու հնարավորություն ունենան պատշաճ կերպով իրականացնել իրենց պարտավորությունները, իսկ մյուս կողմից էլ պետությունը պետք է ոչ թե վատնի, այլ թիրախային կերպով օգտագործի հանրային միջոցներն ու քայլեր ձեռնարկի քաղաքացիների կյանքը հնարավորինս բարեկեցիկ դարձնելու համար։ Հատկանշական է, որ այս թեման նաև քաղաքական քննարկումների օրակարգում է։
Եվ այսօրվա իշխանություններն իրենց ընդդիմադիր եղած ժամանակ շատ էին շահարկում այն հարցը, թե պետությունը քաղաքացիների կյանքը չի բարելավում, իշխանություններն իրենց տեղում չեն, պետական միջոցները «թալանվում» են, իսկ հասարակությունը ծանրաբեռնված է «անիմաստ» հարկերով և տուգանքներով։ Այնինչ, եթե նրանց իրական մտահոգությունը վերաբերում էր քաղաքացիների կենսապայմաններին, ապա պետք է դիտարկվեր, օրինակ՝ հանրային միջոցների վերահսկողության մակարդակը բարձրացնելու կամ իրական հաշվարկների հիման վրա որոշ հարկերի և տուրքերի վերանայման հարցը։
Բայց այն ժամանակ կոնկրետ լուծումներ առաջարկելու խնդիրը այսօրվա իշխանությունների գործելաոճի մեջ չէր տեղավորվում։ Ավելին՝ 2018 թվականի գարնանը, երբ «Քայլ արա» շարժման համատեքստում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, Փաշինյանը և իր կողմնակիցները քաղաքացիներին կոչեր էին անում չվճարել կոմունալները, տուգանքները և այլ տուրքերը։ Անգամ առաջարկներ էին արվում քաղաքացիներին, որ նրանք բանկոմատներից հանեն գումարները և կանխիկ ձևով պահեն իրենց մոտ, որպեսզի վնաս հասցնեն դրամաշրջանառությանը։
Բայց կարճ ժամանակ անց Փաշինյանը և իր կողմնակիցները հայտնվեցին երկրի իշխանության ղեկին և ոչ միայն շատ արագ մոռացան իրենց կոչերի մասին, այլև հիմա պահանջում են, որ քաղաքացիները լիովին և անվերապահ կատարեն իրենց պարտավորությունները։ Եվ խնդիրն այն է, որ նախկինում եղած տուգանքները (կարմիր գծեր, տեսախցիկներ և այլն) ոչ միայն չչեղարկվեցին, այլև քաղաքացիները լրացուցիչ հարկերով և տուգանքներով են ծանրաբեռնվում։
Այսպես, վերջերս էլ իշխանությունները որոշում ընդունեցին գույքահարկը բարձրացնելու մասին, դիմակներ չկրելու համար մեծ տուգանքներ սահմանվեցին, սրա հետ մեկտեղ էլ դեռևս դիտարկվում են քաղաքացիների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ նախատեսող այլ նախագծեր։ Իսկ երբ, օրինակ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակում բողոքներ են հնչում, թե բարձրացված գույքահարկը ծանրություն է դառնում առանց այն էլ եկամուտների անկում ունեցած քաղաքացիների համար, Փաշինյանը պատասխանում է, թե «ոչ մի բան չի լինի, որ մեկ շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»։
Ստացվում է, որ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, նրան «հետաքրքրում» էր, որ քաղաքացիները ծանրաբեռնված են հարկերով և տուգանքներով, իսկ երբ վերջինս արդեն իշխանության է, նրա տեսադաշտում միայն պետության նկատմամբ քաղաքացիների պարտավորությունների կատարումն է։ Սա նշանակում է, որ նա անկեղծ չէ հանրության նկատմամբ և հանրային դժգոհություններն ուղղակի օգտագործել է միայն իր քաղաքական նպատակների, իսկ վերջնարդյունքում՝ իշխանության հասնելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում