Հարսանիք, ավելի սուր հումոր, նոր դերասաններ. ինչպես են անցնում «Հարս չկա» սիթքոմի նկարահանումները
ИнтервьюԱվելի ուրախ, հումորով ու հագեցած. այսպիսի բնորոշումներ են տալիս դերասանները՝ խոսելով «Հարս չկա» սիթքոմի նոր եթերաշրջանի մասին: Վստահ են՝ երկրորդ եթերաշրջանը գերազանցելու է նախորդին:
Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են, Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է հետաքրքիր մանրամասները բեքսթեյջից:
Երկրորդ եթերաշրջանում «Հարս կա». նկարահանումները սկսվել են Բեն Ավետիսյանի ու Անի Խաչիկյանի հերոսների հարսանիքով, թե ինչ է լինում հաջորդիվ, ոչ ոք չի համաձայնում բացահայտել, բայց խոստանում են լավ եթերաշրջան:
Էլեն Ասատրյանը նկատեց, որ նկարահանումները շատ ուրախ են անցնում, երբեմն, իրավիճակներն այնքան ծիծաղելի են, որ իրենք էլ հազիվ են լրջանում նկարահանմանն անցնելու համար:
Աղասը վստահ է՝ ավելի պոզիտիվ ու հետաքրքիր է լինելու, Բենն էլ շեշտեց, որ այս անգամ հումորներն ավելի սուր են:
«Ինձ թվում է՝ ավելի հետաքրքիր է, երբ հասունացած պրոյեկտն ունենում է երկրորդ եթերաշրջան: Հիմա մենք էլ ավելի ադապտացած ենք կերպարներին: Այս ժանրն ինձ համար նորություն էր: Իմ օրինակով կարող եմ ասել, որ այս անգամ ավելի կոփված եմ ու ինքնավստահ»,- ասաց Բենը:
Գրեթե բոլոր հերոսները, նկատեցին, որ նոր եթերաշջանում կերպարային գծերում փոփոխություններ կան, ուղղությունները փոխվել են: Թիմում կան նաև համալրումներ. այս եթերաշրջանում հեռուստադիտողները կտեսնեն նաև Լիա Զախարյանին և Մոսո Կարապետյանին:
Թիմի անդամները վստահեցնում են՝ տեսախցիկներից այն կողմ էլ իրենց մոտ միշտ լավ տրամադրություն ու ջերմ մթնոլորտ է: Գոռ Հակոբյանը կարևորեց փաստը, որ նկարահանման հրապարակում չկան ինտրիգներ, բամբասանքներ: