Իշխանությունների հույսը վիճակագրական մանիպուլյացիաներն են.«Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համավարակի արդյունքում փակ սահմանները և գործող սահմանափակումները մարդկությանը ստիպում են նոր կանոններով ապրել։ Փորձագիտական շրջանակների կողմից վերլուծություններ և գնահատականներ են հնչում, որ համաճարակի ազդեցությունը համաշխարհային և ազգային տնտեսությունների վրա տարբեր է։ Տարբեր են նաև կառավարությունների կողմից համավարակին հակազդելու քայլերն ու միջոցառումները։ Հայաստանի տնտեսության մեջ համավարակի դեմ պայքարը մոտ 163,4 միլիարդ դրամ գումար է արժեցել, որը կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումների շրջանակում տնտեսության մեջ ներարկված գումար է։
Եվ ուշագրավ է, որ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե նշված միջոցառումների շրջանակում շատ կարևոր տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։ 2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ, 2019 թվականի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով կամ 1,1 տոկոսով։ Ու քիչ չէ, որ իշխանությունների հաշվարկով աշխատատեղերն ավելացել են, նրանք թվեր են ներկայացնում, որ բարձրացել են նաև քաղաքացիների աշխատավարձերը՝ մեկ մարդու միջին աշխատավարձը ավելացել է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով:
Բնականաբար, աշխատատեղերի և աշխատավարձերի ավելացման մասին իշխանությունների հավաստիացումները ոչ միանշանակ են ընդունվում։ Բազմահազար քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը կամ տնտեսության որոշ ճյուղերում ուղղակի կանգնել են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, նվազել են քաղաքացիների ընդհանուր եկամուտները, իսկ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե դեռևս ամեն ինչ լավ է, սոցիալական ճգնաժամ չկա։ Բա որ ճգնաժամ չկա, ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիները կամ բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են, թե կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը չեն բավարարում իրենց, քանի որ հայտնվել են ճգնաժամի ճիրաններում։ Իսկ զբոսաշրջությունը և դրա հետ կապված ոլորտներն ուղղակի կաթվածահար վիճակում են։
Եվ այսպիսի իրադրության պայմաններում նույնիսկ մասնագետներն են թերահավատորեն մոտենում աշխատատեղերի ավելացման մասին իշխանությունների հայտարարություններին։ Թե ի՞նչ մեթոդաբանությամբ է կառավարությունը կատարել իր հաշվարկները, թերևս մնում է կռահել։ Խնդիրն այն է, որ կառավարության հռչակած սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով ստվերում գործող բազմաթիվ աշխատատեղեր եկել են օրենքի դաշտ և գրանցվել։ Իսկ հիմա այս իրողությունը իշխանությունները դրոշի պես թափահարում են որպես աշխատատեղերի ավելացում։ Սակայն թվերի վրա ուրախանալու փոխարեն ավելի նախընտրելի կլինի, որ իշխանությունները կենտրոնանան այն հարցի վրա, թե ինչ քայլեր և միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կանխել առաջիկայում սպասվող աշխատատեղերի կրճատման միտումը։
Պետք է հասկանալ, որ այս ժամանակահատվածում վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները սեզոնային աշխատանքի են վերցնում աշխատակիցների, որոնք աշնան վերջին արտադրական ցիկլի ավարտի պատճառով աշխատանքից հեռացվելու են: Հաշվի առնենք, որ շինարարության ոլորտը նույնպես սեզոնային բնույթ է կրում, ուստի այստեղ նույնպես կրճատումներ են սպասվում: Եթե իշխանությունները այս օրերին հպարտանում են ակտիվ ճանապարհաշինությամբ, թե դա տնտեսությանը որոշակի դրական ազդակ է հաղորդում, ապա այդ աշխատանքները ժամանակավոր են և մինչև ձմեռ կավարտվեն։
Բացի սեզոնային աշխատատեղերի կրճատումից, բնակչության եկամուտների նվազումը և ընկերությունների շահույթի անկումը իրենց դերակատարությունը կունենան մշտական աշխատատեղերի կրճատման համար։ Պատահական չէ, որ փորձագետներն արդեն իսկ գնահատականներ են հնչեցնում, թե գործազուրկների թիվն առաջիկայում տասնյակ հազարներով կավելանա։ Այնպես որ, իշխանությունների համար աշխատանքի առումով բարդ օրեր են սպասվում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում