Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել
Международные новостиՌոշ Հաշանայի՝ հրեական Նոր տարվա նախօրեին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Թել Ավիվում պաշտոնապես բացվեց ՀՀ դեսպանությունը։ Արարողությանը մասնակցելու համար ժամանել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության «Եվրասիա -2» դեպարտամենտի ղեկավար Յիցակ Կարմել-Կագանը, հայտնում է Ynet լրատվական պորտալը: Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը արարողության ժամանակ իր ելույթում հատուկ սիմվոլիզմ է համարել այն, որ դիվանագիտական առաքելությունն իր աշխատանքը սկսում է հրեական Նոր տարվա նախօրեին: Օգտվելով առիթից՝ նա շնորհավորել է բոլոր իսրայելցիներին Ռոշ Հաշանայի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում Իսրայելին, բարեկեցություն, առողջություն և հաջողություններ երկրի բնակիչներին: «Շնորհավոր և օրհնված Նոր տարի», - ասել է հայ դիվանագետը եբրայերեն: Իր հերթին, Յիցակ Կարմել-Կագանը, Իսրայելի պետության անունից, ողջունել է Հայաստանի դիվանագիտական առաքելության բացումը`շեշտելով, որ երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, և բաց և կառուցողական երկխոսությունը թույլ կտա ապագայում լուծելու ցանկացած մակարդակի խնդիրներ, եթե դրանք առաջանան: