Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian
Международные новостиԻրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ սա փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Իրանը եղել է առաջին երկրներից, որտեղ վարակը տարածվել է: Իշխանությունները կարողացել են այն վերահսկման տակ առնել մայիսին, սակայն արդեն հունիսի սկզբին կրկին բախվել են վարակման օրական դեպքերի աճի խնդրին:
Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում մահացել է 144 մարդ, գրանցվել է վարակման 3045 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 23 952 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է վարակման ավելի քան 400 000 դեպք, սակայն ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է:
Երկրում հակակորոնավիրուսային հարցերով համակարգող Ալիռեզա Զալին հայտարարել է, որ երկիրը շարժվում է դեպի վարակի երրորդ ալիքը և ամենայան հավանականությամբ՝ այն առաջինը կհարվածի մայրաքաղաք Թեհրանին:
Ըստ ոլորտի փորձագետների՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 45 000-ի:
Երկրում վերաբացվել են դպրոցներն ու բուհերը, սակայն ծնողներն իրենք պետք է որոշեն՝ ուղարկել երեխաներին, թե ոչ. շատ դեպքերում երեխաները մնում են տանը: