Առքուվաճառքը 27,6 տոկոսով նվազել է, բայց գները բարձրացել են.«Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է
2020 թվականի օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16 491 գործարք: Նախորդ տասը տարիների նույն ամսվա համեմատությամբ 2020 թ. օգոստոսին գործարքների թվի ամենամեծ ցուցանիշն է գրանցվել: Մասնավորապես, 2019 թ. օգոստոսի համեմատ 2020 թ. օգոստոսին գործարքների թիվն ավելացել է 6,3 տոկոսով: Եթե առանձին ենք դիտարկում հանրապետության մարզերն ու մայրաքաղաքը, նկատում ենք, որ մայրաքաղաքում գործարքները չնչին չափով են նվազել: Մինչդեռ գործարքների 11,3 տոկոսով նվազում կա Լոռիում, իսկ, օրինակ՝ Վայոց ձորում գործարքներն ավելացել են 38, Գեղարքունիքում՝ 33,4 տոկոսով: 2020 թվականի օգոստոսին ամենաշատ գործարքները բաժին են հասել օտարման տեսակին:
Ընդհանուր բաշխվածության մեջ օտարման գործարքները կազմել են 37,6 տոկոս: Ամենացածր տոկոսաչափը օրինականացման գործարքներինն է, որը կազմել է ընդամենը 1,4 տոկոս: Օտարման գործարքներից հետո ամենաշատ գործարքները բաժին են հասել առաջնային գրանցման, հետո ժառանգության, այնուհետև գրավադրման, վերագրանցման և վարձակալության տեսակներին: Այնուամենայնիվ, եթե նախորդ տարվա օգոստոսին օտարման գործարքների քանակը 6305 էր, ապա 2020 թ. նույն ժամանակահատվածում գործարքների քանակը 6198 է՝ 1,7 տոկոսով պակաս նախորդ տարվա գործարքների քանակից: Իսկ առքուվաճառքի գործարքները նախորդ տարվա համեմատ ավելացել են 12 տոկոսով, մինչդեռ նվիրատվությամբ պայմանավորված գործարքները նվազել են 27,7, փոխանակումը՝ 23, 1 տոկոսով:
Օտարման այլ տեսակների դեպքում, ընդհանուր առմամբ, 74,2 տոկոս նվազում կա: 2020 թ. օտարման գործարքների ամենամեծ քանակը հողին է բաժին հասել: Ընդհանուր բաշխվածության մեջ հողի օտարման գործարքների տոկոսաչափը 46, 1 տոկոս է: Երկրորդ տեղում բնակարանն է, երրորդում՝ բնակելի տունը: Ինչ վերաբերում է 2020թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների տոկոսային ու քանակական բաշխվածությանն ըստ գույքի տեսակների, նկատենք, որ ընդհանուր գործարքների բաշխվածության մեջ ամենամեծ մասնաբաժինը կրկին հողերինն է՝ 39, 2 տոկոս:
Երկրորդ տեղում բնակարանն է՝ 25,4 տոկոս, երրորդում բնակելի տունը՝ 21,3 տոկոս: Ավտոտնակների գործարքներն ընդհանուր բաշխվածության մեջ 2020 թ. օգոստոսին ընդամենը 3,7 տոկոս են կազմել, հասարակական նշանակության շինություններինն 8 տոկոս է, իսկ ամենաքիչ գործարքները եղել են արտադրական նշանակության շինությունների դեպքում: Նկատենք, որ 2020 թ. օգոստոսին բնակարանների 4190 գործարք է եղել, որը 14, 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2019թ. օգոստոսին բնակարանների գործարքների թիվը կազմել էր 4912: Իսկ առանձնատների գործարքները 2019 թ. համեմատ նվազել են 0,7 տոկոսով, մինչդեռ հողերի գործարքները ավելացել են 23,8, արտադրական նշանակության շինություններինը՝ 34,5, հասարակական նշանակության շինություններինը՝ 16,9, ավտոտնակներինը՝ 46,7 տոկոսով:
Ինչ վերաբերում է գործարքների առանձին տեսակներին, ապա նշենք, որ օտարման ամենամեծ մասնաբաժինը առքուվաճառքինն է, որը կազմել է 79, 1 տոկոս: 2020 թ. օգոստոսին առքուվաճառքի 4904 գործարք է եղել, երբ նախորդ տարվա օգոստոսին այդ թիվը 4379 էր: Երևանում 2019 թ. օգոստոսի համեմատ առքուվաճառքի գործարքները 14, 1 տոկոսով են նվազել, իսկ մարզերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առքուվաճառքի գործարքների աճ է գրանցվել: Առքուվաճառքի ամենաշատ գործարքները, ինչպես օտարման դեպքում, կրկին հողերին են բաժին հասել: Ամենացածրը կրկին արտադրական նշանակության շինությունների առքուվաճառքի գործարքներն են:
Իսկ բնակարանների առքուվաճառքը 2019 թ. օգոստոսի համեմատ նվազել է 27,6 տոկոսով: Միևնույն ժամանակ 17, 8 տոկոսով ավելացել են առանձնատների, 40,4 տոկոսով՝ արտադրական նշանակության շինությունների, 7,6 տոկոսով՝ հասարակական նշանակության շինությունների, 48,5 տոկոսով՝ հողերի առքուվաճառքի գործարքները:
Վարձակալության գործարքները նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2020 թ. օգոստոսին ավելացել են 9,9 տոկոսով, իսկ գրավադրման գործարքները 3,1 տոկոսով նվազել են: 13 տոկոսով նվազում կա նաև հիփոթեքային գրավադրման գործարքների պարագայում: Ինչ վերաբերու է անշարժ գույքի շուկայում առկա գնային փոփոխություններին, ապա նկատենք, որ 2020 թ. օգոստոսին Երևան քաղաքում բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մ քառակուսի մակերեսի հաշվարկով 2019 թ. օգոստոսի համեմատ աճել են 4,8 տոկոսով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում