«Նա այսօր պարզապես թոշակի անցավ. ժողովրդի ընտրած միակ առաջնորդը ես եմ». Տիխանովսկայան մեկնաբանել է Լուկաշենկոյի երդմնակալությունը
Международные новостиԲելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո իրեն անվանել է «բելառուս ժողովրդի կողմից ընտրված միակ առաջնորդ»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այսօր, ժողովրդից թաքուն, Լուկաշենկոն փորձել է անցկացնել սեփական երդմնակալությունը: Բոլորս էլ հասկանում ենք` ինչ է կատարվում: Իրեն օրինական ճանաչելու այս փորձը միայն հանգեցնում է նրան, որ իր նախորդ լիազորություններն ավարտվել են, իսկ ժողովուրդը նրան նոր մանդատ չի տվել: Այս, այսպես կոչված երդմնակալությունը, իհարկե կեղծիք է: Իրականում այսօր Լուկաշենկոն պարզապես թոշակի անցավ»,- հայտարարել է Տիխանովսկայան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
Արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։
Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո մտադիր է բողոքի անժամկետ ակցիա անցկացնել, ինչի մասին հայտնել է բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն:
«Մենք երբեք չենք համաձայնի ընտրակեղծիքների հետ և պահանջում ենք նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլորին սկսել անհնազանդության անժամկետ ակցիա»,-Telegram-ում գրել է Լատուշկոն:
Ավելի վաղ Պավել Լատուշկոն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը «հանցագործ աշխարհի ժողով» էր անվանել։
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։
Երկրում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել Լուկաշենկոն: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել: