«Կարևոր հարցերը թողած՝ կառավարությունը խոսում է 2050 թվականի մասին».«Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Գյուղատնտեսության խնդիրները մշտապես հիշեցնում են իրենց մասին: Տարվա ամեն եղանակ իր խնդիրներն է առաջ քաշում, դրանցից շատերը տարիներ շարունակ մնում են չլուծված, իսկ հիմա էլ բացակայում են համակարգված քայլերը: Ոլորտի փորձագետները ոչ մեկ անգամ են բարձրաձայնում այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտում համակարգային լուծումներ են անհրաժեշտ, սակայն սայլը տեղից, կարծես թե, չի շարժվում: Իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, սակայն խոսվում է նաև դրանց անարդյունավետության և ոչ նպատակային լինելու մասին:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը նշում է՝ ունենք կառավարություն, որն այսօր, թողած կարևոր հարցերը, խոսում է 2050 թվականի մասին: «Մի կողմ են թողել խաղողի մթերման, Մեյմանդարի շուկայում առկա խնդիրները, խոսում են 2050 թվականին բարձր տեխնոլոգիաների կիրառության մասին: Աբսուրդ է: Տեսեք՝ մթերումների հարցում կառավարությունը շատ կարևոր դեր պետք է խաղա, բայց «սրբել է ձեռքերը» և հեռու քաշվել: Էկոնոմիկայի նախարարն իր երկու տեղակալներով պետք է կատարի գյուղատնտեսության նախարարության գործառույթները ևս: Բայց նրանց աշխատանքը չի երևում, միայն ծրագրեր են ներկայացնում: Նրանք պետք է մտնեն գյուղ, խոսեն գյուղացիների հետ, ասեն՝ ի՞նչ խնդիրներ ունեք: Գյուղացին էլ կասի՝ առաջնայինը բերքի իրացման խնդիրն է, նախորդ տարիներին Վրաստանից գալիս և տանում էին բանջարեղենը և մրգերը, կամ էլ գործարաններն էին ընդունում:
Պետությունը գործարաններին նորմալ պայմաններով վարկեր էր տալիս և ասում, որ նորմալ գներով գյուղացիներից մթերքն ընդունեին: Ամեն ինչում շաղկապակցվածություն կա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը: Նշում է, որ այս համագործակցությունը պետության և գյուղացու միջև եղել է խորհրդային տարիներին: «Պետությունը օգնել է գյուղացուն, բայց նաև պահանջել է: Իսկ հիմա պետության դերը չի երևում: Ասում են՝ զրո տոկոսով վարկ ենք տալիս, մի քանի հոգի ստացան ու վերջ: Չի կարելի այդպես վարվել, որ մի մասն օգտվի, մի մասը՝ ոչ»,- ընդգծում է մեր զրուցակիցը: Նշում է՝ այսօր ամենաքննարկվող թեման մթերումն է, բայց խնդիրներն այնքան շատ են: «Օրինակ՝ գյուղացին ձեռքո՞վ է հողը մշակելու, ո՞ր դարում ենք ապրում: Եվրոպական երկրներում կոմբայնն առանց կոմբայնավարի աշխատում է դաշտում, հեռվից կառավարվում է ողջ աշխատանքը:
Հիմա, երբ մասնագետը մտնում է գյուղեր, լացը գալիս է: Այս դարում մենք հին, մաշված, սովետական տրակտորներով ու տեխնիկայով ենք աշխատում: Պետությունն այս հարցերի մասին պետք է մտածի, հեռու չէ՝ տեսեք, թե Վրաստանում գյուղոլորտում ինչ վիճակ է: Իսկ մենք գյուղտեխնիկա չունենք: Մինչդեռ պետք է ունենանք կայաններ, գյուղացին գա, ասի՝ ուզում եմ վար ու ցանք անել այսքան հողատարածքում, կառավարության կողմից սահմանված մատչելի սակագներ լինեն: Գյուղացին վճարի և իր աշխատանքը կատարվի: Կարևոր խնդիր է նաև հողերի վիճակը, երբևէ դրանք ստուգե՞լ են, թե ոչ: Մեր հողը տարիների ընթացքում վարակվել է տարբեր հիվանդություններով ու վնասատուներով: Երբևէ ստուգել են հողի կազմը, ինչի պակաս կա, ինչ պետք է ավելացնել, ինչ վիճակի բերել:
Միայն ասում են՝ ցանեք, բայց չէ որ միայն ցանելով չի: Միջավայրը շատ կարևոր նշանակություն ունի, հնարավոր է՝ թունավոր միջավայր է, սերմը աճեցնում ես, բույսը թունավոր է լինում»,-ասում է ՀԿ-ի նախագահը: Նրա խոսքով, խնդիր է նաև այն, որ պետությունն առանց ծանր ու թեթև անելու ոչնչացնում է ՊՈԱԿ-ները: «Կար հատուկ ՊՈԱԿ, որը զբաղվում էր հողերի վիճակը ստուգելով: Հիմա չկա: Իշխանության գլխին հայտնվել են մարդիկ, որոնք գյուղատնտեսության վերաբերյալ գաղափար չունեն: Իրենց ո՞վ թույլ տվեց գյուղնախարարությունը վերացնել, հիմնավորում ունե՞ն»,-նշում է մեր զրուցակիցը: Սեդրակյանը հիշեցնում է՝ գոյություն ունի պարենային անվտանգության խնդիր: ««Փակվեց» Հայաստանը, կառավարությունը պետք է մտածի, թե ինչ պետք է արտադրի գյուղացին, որ վաղը ժողովուրդը չկանգնի սովի առաջ:
Բայց մտածո՞ւմ է այդ մասին, խոսե՞լ է երբևէ: Պետք է լինեն հանրային լսումներ, քաղհասարակության հետ քննարկումներ, 2050 թվականի ռազմավարություն են գրում: Դա էլ պետք է ամեն ոլորտի փորձագետ-մասնագետները մշակեն, կառավարությունը, գիտական ինստիտուտները, քաղհասարակությունը, փորձագետները պետք է քննարկումներ անցկացնեն, բանավեճեր կազմակերպեն տարբեր հարցերի վերաբերյալ, ոչ թե մտքներով ինչ անցնի, դա գրեն ու ներկայացնեն»,-եզրափակում է Սարգիս Սեդրակյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում