Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել նախագայի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես նշում է eadaily.com կայքը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ նախագահը Լուկաշենկոյին հեռախոսով շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ, իսկ հետո նաև դեմառդեմ՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, երբ Լուկաշենկոն աշխատանքային այցով Սոչի էր ժամանել»,-մանրամասնել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ երդմնակալության արարողությունից հետո շնորհավորելու համար պարտադիր ընթացակարգ չկա:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
Արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։
Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո մտադիր է բողոքի անժամկետ ակցիա անցկացնել, ինչի մասին հայտնել է բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն:
«Մենք երբեք չենք համաձայնի ընտրակեղծիքների հետ և պահանջում ենք նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլորին սկսել անհնազանդության անժամկետ ակցիա»,-Telegram-ում գրել է Լատուշկոն:
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։
Երկրում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել Լուկաշենկոն: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել: