Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Международные новостиԹուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Այդ թվում են HDP-ից ընտրված մեջլիսի նախկին պատգամավորներ, քաղաքապետներ, նահանգային և շրջանային կառույցների ղեկավարներ։
Դատախազության որոշմամբ սեպտեմբերի 25-ին թուրք իրավապահներն երկրի 7 նահանգներում իրականացվող համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին, լրագրող Հաքան Գյուլսեվենին, HDP-ի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Նազմի Գյուրին, կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Ջան Մեմիշին, Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության HDP-ական անդամ Ալի Ուրքյութին, նախկին պատգամավորներ Ալթան Թանին, Փերվին Օնդերին և ուրիշների։
Այս շղթայական ձերբակալությունների կապակցությամբ հայտարարություն է արել նշյալ կուսակցությունը։ Հայտարարությունում նշվում է, որ կուսակցությունը թուրքական իշխանությունների կողմից ծրագրված այդ հարձակումներին «կուլ չի գնալու»։
Հիշեցնենք, որ 2014թ․ Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Հոկտեմբերի 6-7-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 46 մարդ էր մահացել, ևս 682-ը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել էր 323 ցուցարար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր HDP-ի նախկին համանախագահներ Սուլեյման Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին բողոքի ակցիաների կազմակերպման ու այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհ գնացած տասնյակ քաղաքացիների մահվան համար։ Վերջիներս այդ գործով կալանավորված են։