Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա, մենք կտրականապես մերժել ենք բոլորին. Իրակլի Սեսիաշվիլի
Международные новости«Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա»,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:
Ըստ Սեսիաշվիլիի` երկու երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ»:
Վրաց պաշտոնյայի խոսքով՝ երկու պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման է վերաբերում։
«Մենք կտրականապես մերժել ենք բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում: Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին`ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը: