Արցախում զոհեր կան. Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը
Событие дняԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Բացի այդ, դեռ շարունակվում է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Արցախի մայրաքաղաքում, ցավոք, նույնպես կան զոհեր և վիրավորներ»,–ասաց Պողոսյանը։
Ստեփանակերտում և Շուշիում զոհերը քաղաքացիական անձինք են։ Իսկ թե քանիսի մասին է խոսքը` Պողոսյանն ասաց, որ տեղեկությունը ճշտվում է։
Նշենք, որ արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սկսման պահից սա առաջին դեպքն է, որ հրթիռակոծվում է նաև Շուշի քաղաքը։ Իսկ ինչ վերաբերում է մայրաքաղաք Ստեփանակերտին, ապա այն ադրբեջանական կողմի թիրախում էր հայտնվել դեռ սեպտեմբերի 28-ից։
Այսօր առավոտից Ստեփանակերտի հրթիռակոծումը շարունակվում է։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ Շուշիում էլ են թիրախավորվել քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։