Շուշան Ստեփանյանը չափազանց լավ լուր է հայտնում
Событие дняՊաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի զինուժը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, որի շնորհիվ հակառակորդը հայտնվել է ծուղակում, մարտի դաշտում թողել 200 դի և դիմել փախուստի։
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,
ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։
Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած
դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։