«Ստամբուլի աչք» Արա Գյուլերը տոնում է ծննդյան տարեդարձը
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերն օգոստոսի 16-ին նշում է ծննդյան տարեդարձը: «Ստամբուլի աչք» անունն ստացած և ավելի քան 800 հազար լուսանկարների հեղինակ Գյուլերն այսօր դարձավ 86 տարեկան: Դարի լավագույն լուսանկարիչներից մեկն անգնահատելի հետք է թողել լուսանկարչության պատմության մեջ: «Լուսանկարչությունն արվեստ չէ, այլ իրականությունն է, այնպիսին, ինչպիսին կա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր երևանյան այցի ընթացքում նախորդ տարի նշել էր լուսանկարիչը:
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին, Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցե լ «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը:
1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: 2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:
Աշխարհահռչակ լուսանկարչի` աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում: