Ալիեւը խոստավանել է
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը: Նա հայտարարել է, որ դրանք ժամանել են Ադրբեջան համատեղ զորավարժությունների համար:
«Անցած տարի մենք զորավարժություններ ենք անցկացրել Թուրքիայի հետ, որոնց շրջանակներում կործանիչները ժամանել են Ադրբեջան: Այս տարի պանդեմիայի պատճառով ընդամենը 2 զորավարժություն ենք անցկացրել»,-ասել է նա:
Վերջին զորավարժություններն անցկացվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից առաջ:
Ընդ որում, Ալիեւը վստահեցրել է, որ դրանք «չեն մասնակցել որեւէ մարտական գործողության»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից եւ ապահովել Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի եւ ԶՈւ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 եւ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային եւ օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն հերոսաբար զոհվել է:
Նախօրեին New York Times-ի լրագրող-վերլուծաբան Քրիստիան Տրիբերտը հրապարակել է արբանյակային լուսանկարները, որոնցում երեւում է, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի միջազգային օդանավակայանում թուրքական երկու F-16 կործանիչներ են գտնվել: