Արցախի նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին
ИнтервьюԱրցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը դժվարանում է որևէ բան ակնկալել Ադրբեջանի հետ կրակի դադարեցման պայմանավորվածությունից և հրադադարի վերաբերյալ խորհրդակցություններից, որովհետև անկանխատեսելի է համարում հակառակորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսում:
«Մենք տեսանք, որ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանն այդ հրադադարը պահելու ոչ մի ցանկություն չունի և արդեն բավական ժամանակ է անցել հրադադարի ուժի մեջ մտնելու ժամից, բայց շարունակվում են Ադրբեջանի կողմից հարձակումները, հրետակոծություններն ու հրթիռակոծությունները: Սակայն այսօր ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ դա դժվար գործընթաց է, միանգամից հնարավոր չէ լուծում տալ: Գործընթաց է, որն ընթանում է այս պահին, երկու կողմերի հետ աշխատանքներ են ընթանում»,- ասաց նա:
Վահրամ Պողոսյանը հավելեց, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ պաշտոնական Երևանը միշտ էլ կողմ են արտահայտվել: «Սակայն մենք ունենք մի հակառակորդ, մի թշնամի, որը բավական անկանխատեսելի է իր վարքագծով, այդ պատճառով այսօր շատ դժվար է որևէ ակնկալիք, սպասում և ընդհանրապես այս առումով որևէ կարծիք արտահայտել»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։