«Դժվար է, բայց մեր ցասումն արդար է. հիմա պահը չէ բազմատեսակ ամբիցիաների և գոռոզամիտ ճառերի»․«Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին բավականին բարդացել է ինչոր բան ասելը։ Որևէ մեկը չի կասկածում հայկական զինուժի հզորությանն ու բազկի ուժին, բայց մեզանից յուրաքանչյուրը խորը ցավ է ապրում նահատակված տղաների համար, հենց այդ փաստն է բարդացնում խոսելը, մտքերն ի մի բերելը։ Այո՛, զինվորը՝ հրամանատարից մինչև շարքային, սխրանքներ է գործում, երբեմն անհավատալի ու անբացատրելի։ Թերևս գենետիկորեն իրենց փոխանցված հզոր ուժով միայնակ պայքարի են դուրս եկել աշխարհի դեմ։ Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանը համակարծիք է այն մտքի հետ, որ մեր զինվորները միայնակ են պայքարում ամբողջ աշխարհի դեմ։ «Պարզվեց, որ մենք այդ անօրեն աշխարհում ոչ միայն առաջին քրիստոնյաներն ենք, այլ միակը փաստորեն:
Սա անսահմանորեն խոցում է, վիրավորում, միևնույն ժամանակ տեսնում ենք մի երկնային գերհզոր միջամտություն, քաջության և ոգեղենության անբացատրելի դրսևորումներ, անգամ մեր բոլոր աղոթքներում հավատքի ու մեր դավանած Աստծո ներկայությունը: Եվ խորքում հասկանում ենք, որ այս հուդաների պատերազմը մեր Աստծո դեմ է: Գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ մեր արյան մեջ դեռ ապրում է մեր սուրբ նահատակների արյան վրեժը, իսկ արդարի արյունը դեռ խոսում է…»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ջանջուղազյանը։
Այս օրերին սահմանին զինվորն է մարտնչում, թիկունքում՝ քաղաքացին՝ միասնական, բռունցքված, վտանգի պահին համախմբվող: «Մեր թիկունքի համախմբվածությունը և միասնականությունն այսօր օրհասական է առավել, քան երբևէ, և դա մենք գիտակցում ենք ու հպարտ ենք ամբողջ ազգով: Զարմանալիորեն ինքնակազմակերպվում է մեր ժողովուրդը, և մեծ դեր է կատարում Սփյուռքը, որի ներկայությունը քաջալերում է: Կարևորը ճիշտ ուղղորդվեն մեր բոլորի ջանքերը, գաղափարական ուղղորդում տրվի այս գերհզոր համախմբմանը: Մասնագետների համայնքներ պիտի ձևավորվեն, հայոց արարչական միտքը պիտի գործադրվի անհապաղ:
Հիմա պահը չէ բազմատեսակ ամբիցիաների և գոռոզամիտ ճառերի»,-նշում է մեր զրուցակիցը։ Ռազմի դաշտում կռվող տղաների նահատակությունը հետք է թողնում բոլորիս վրա: Մի տեսակ պարտքի զգացում ունենք: Շատերն են ասում՝ ինչպե՞ս պիտի ապրենք, որ տղաների զոհողությանն արժանի լինենք: «Ինչպե՞ս պիտի ապրենք… Աստված իմ, այս հարցն ինձ տապալում է….»,-ասում է դերասանուհին։ Դե, իսկ վերջում «թիկունքի» մասին։ «Մենք ուզում ենք, որ մեր իշխանավորները արժանի լինեն մեր պաշտելի ժողովրդի միասնականությանն ու այսօրվա անքննելի հերոսականությանը, մոռանան սեփական «ես»-ի դրսևորումները, իմաստությամբ լուծումներ գտնեն ու արագ որոշումներ կայացնեն:
Մեր հյուպատոսարանները պարտավոր են բացատրել իրենց լռության պատճառները, ժողովրդից թալանածն այսօր պիտի ծառայի նույն ժողովրդին՝ զինելով մեր բանակը: Այսօր առավել, քան երբևէ, պիտի պահանջատեր լինենք կորցրածը ետ բերելու: Դժվար է, բայց մեր ցասումն արդար է, մեր նահատակների արյունը՝ թանկ: Մենք մեր Աստծո ժողովուրդն ենք, և Նա, ինչպես խոստացել է, մեր կարողություններից ավելին թույլ չի տա փորձություն, այլ միջոց կտա ազատելու մեզ հանուն հավատքի ու մեր սուրբ հայրենիքի: Մենք ամոթով ենք թողել աշխարհին, և մեր հաղթանակը հեռու չէ»,- եզրափակում է Կարինե Ջանջուղազյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում