Պետք է հենց այս պահին կանխել ահաբեկչության վտանգը, որովհետև վաղը կարող է ուշ լինել. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
Միջազգային ահաբեկչությունը չարիք է, որը սահմաններ չի ճանաչում և իրենից գլոբալ սպառնալիք է ներկայացնում։ Այս տեսանկյունից Արցախյան հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկիչ գրոհայինների տեղակայումը վտանգավոր է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների համար։ Դրանով է պայմանավորված, որ Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը և այլ երկրներ իրենց անհանգստությունն են հայտնել հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից բերված իսլամիստ գրոհայինների տեղակայման հետ կապված։
Իրենցից քիչ վտանգ չեն ներկայացնում նաև նեոֆաշիստական, ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության զինյալները, որոնք նույնպես ներգրավված են ռազմական գործողություններում։ Տեղեկություններ կան, որ ադրբեջանական բանակին օգնում են նաև Պակիստանից եկած զինյալ գրոհայիններ։ Իսկ ինչպես գիտենք, Պակիստանը համարվում է ահաբեկչության գլխավոր որջերից մեկը։ Եվ այն հանգամանքը, որ այս ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի բանակի համազգեստի ներքո, արդեն վկայում է այն մասին, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական պետության, որի դեմ միջազգային հանրությունը պետք է պատժիչ գործողություններ իրականացնի։
Մինչ միջազգային մամուլը լի է Ադրբեջան տեղափոխվող գրոհայինների մասին հրապարակումներով, պաշտոնական Բաքուն, ջայլամի նման գլուխը թաքցնելով ավազի մեջ, հայտարարում է, թե ապացույցներ չկան, որ իրենց կողմից ահաբեկիչ գրոհայիններ են կռվում։ Անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հարցազրույցներից մեկում պաշտոնապես հաստատեց, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Արցախ։ Եվ արդեն հայտնի է, թե Թուրքիան ինչպես է հավաքագրում ու վարժեցնում զինյալներին, որքան է վճարում Արցախում կռվելու համար։ Իսկ վերջերս էլ Սիրիայի զինված ուժերի զինվորները ձերբակալել են թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ մանրամասն պատմել են Արցախյան հակամարտության գոտում ընթացող պատերազմին իրենց խմբավորումների մասնակցության և կորուստների մասին:
Ուշագրավ է, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տեղեկություններ է տրամադրել Արցախում ընթացող մարտերում սիրիացի գրոհայինների մասնակցության մասին: Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմը, շարունակաբար անտեսելով մի շարք երկրների կողմից հնչող անհանգստությունները, շարունակում է գրոհայինների նոր խմբավորումներ տեղափոխել հակամարտության գոտի։ Ճիշտ է՝ Արցախի բանակը իր վրա է վերցրել ահաբեկչական սպառնալիքը զսպելու գլխավոր առաքելությունը, սակայն հարկ է, որ համաշխարհային մակարդակով ահաբեկչության դեմ պայքարող երկրները ևս իրենց կանխարգելիչ քայլերը ձեռնարկեն։
Եվ այս համատեքստում Արցախի կողմից հնչած հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ առաջարկը չպետք է մնա օդում կախված։ Անհրաժեշտ է հենց այս պահին կանխել ահաբեկչության վտանգը, հենց «բնում» խեղդել այն, որովհետև վաղը կարող է արդեն ուշ լինել, քանզի այդ նույն ահաբեկիչներն արդեն ներթափանցած կլինեն Իրան, Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ, որոնք առավել խոցելի են ահաբեկչական վտանգի առաջ։ Այսօրվա հակաահաբեկչական օրակարգի հրամայականից է բխում, որ հակամարտության գոտում տեղակայված ահաբեկիչների և նրանց հովանավորների դեմ գործողությունները միջազգային մակարդակում գործնական տեսք ստանան։ Այլապես միջազգային հանրության անվճռականությունը կարող է թանկ նստել գլոբալ անվտանգության համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում