Ժնեվի հանդիպումը կարող է չկայանա՞լ. «Հրապարակ»
Международные новости«Հրապարակ» թերթը գրում է.
Այսօր Ժնեւում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման առիթը նույնն է՝ պայմանավորվել հրադադարի ռեժիմը կյանքի կոչելու եւ բանակցությունների սեղանին վերադառնալու շուրջ, որը շարունակաբար խախտում է ադրբեջանական կողմը։ Հանդիպումից առաջ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ «լայվով» հայտարարեց, թե արցախյան հարցն այլեւս չունի դիվանագիտական լուծում, եւ կոչ արեց բոլորին զինվորագրվել ու գնալ ճակատ, մեկ այլ «լայվի» ընթացքում ասաց, որ մենք պատրաստ ենք «ցավոտ փոխզիջումների», ապա հաջորդ օրը հայտարարեց, թե ստուգում էր հանրային արձագանքները, մենք պետք է կռվենք հանուն ամեն մի սանտիմետր հողի։ ԱԳՆ-ից երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ արդյոք վարչապետի այս հայտարարությունները չե՞ն հակասում ժնեւյան բանակցությունների ոգուն, եւ արդյոք ակնկալվո՞ւմ է, որ այդ հանդիպումը կհանգեցնի հրադադարի։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ որեւէ բան այս թեմայով չեն մեկնաբանում։ Հարցրինք՝ իսկ հանդիպումը կայանալո՞ւ է։ «Դա էլ չեմ մեկնաբանում»,- պնդեց խոսնակը։ Այսինքն՝ հանդիպումը կարող է չկայանա՞լ։ Նաղդալյանն ասաց՝ չգիտեմ, չեմ մեկնաբանում։ Երեկ երեկոյան նախարարը Երեւանում էր՝ դեռ Ժնեւ չէր մեկնել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում