4 սպայով որոշել են չիջնել դիրքերից․ հմուտ տանկիստ Սասուն Թաթիկյանը զոհվեց իր ազատագրած դիրքում (տեսանյութ)
TVԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված Սասուն Թաթիկյանը «Կովկաս 2020» զորավարժությանը փայլուն արդյունքներ գրանցելուց հետո ընկերների հետ շտապել էր Հայաստան, պաշտպանելու հայրենիքի սահմանը: Տրամադրությունը՝ բարձր, ոգին՝ մարտական, իսկ մտքում Բաքվում խաշ ուտելու ցանկությամբ Սասունը սեպտեմբերի 30-ին մեկնեց Արցախ:
«Հույս տալով՝ պապա ջան չմտածես, գնում ենք Բաքու խաշ ուտելու, տղես մեկնեց Արցախ։ Ամսի 13-ից էլ կապ չկար, չէինք կարողանում կապ հաստատեինք, Վերջին անգամ ամսի 15-ին եղբորս հետ ա խոսել ու 15-ից հետո տեղեկություն չենք ունեցել, 16-ի առավոտ եղբայրս արդեն իմացել է, որ զոհվել է»,- ասաց Սասուն Թաթիկյանի հայրը՝ Զոհրաբ Թաթիկյանը»
Սասունի զոհվելու վերաբերյալ 2 վարկած կա. զորքն իջեցրել են, ապա 4 սպայով բարձրացել են դիրք գրավելու, հաջողվել է: Հետո կապ են տվել, օգնություն են կանչել, սակայն կապը կտրվել է ու մինչև օգնությունը տեղ կհասներ՝ տղաները զոհվել են:
«Մյուս վարկածով էլ ասում են, որ 4 հոգով դուրս են եկել քարտեզագրության՝ դիրքերը և տեղանքը որոշելու ու ամենայն հավանականությամբ հակառակորդի անօդաչուի հարվածից մահացել են: Այս 2 վարկածն է, ավելի հստակ կիմանամ, երբ գնամ զորամաս, սակայն դեռ չի ստացվում»,- ասաց հերոսի հայրը։
Սասունը սովորել է Դալարիկի դպրոցում, այնուհետև որոշել, որ ընտրում է ռազմական ուղին: Նախ` Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում է սովորել, այնուհետև որպես տանիկստ մասնագիտացել է Ռուսաստանում՝ Օմսկի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում: Հայաստանում արդեն լեյտենանտի կոչում ուներ ու ծառայության էր անցել հարավում: Հմտացած տանկիստը պատերազմի ծանրությունից երբեք չի բողոքել, Ռուսաստանում բնակվող ծնողներին էլ վստահեցնում էր՝ հաստատ հաղթելու ենք: Սասունի մարտական բարձր տրամադրությունը շարունակում է միջնեկ եղբայրը՝ որպես ժամկետային զինծառայող․ խոստացել է եղբոր կիսատ թողած գործն ավարտին հասցնել:
«Նա էլ առաջնագծում է, նոր՝ քիչ առաջ խոսեցի, ասաց՝ պապ ջան ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Զոհրաբ Թաթիկյանը։
Սասունը մանկուց էր մասնագիտությունն ընտրել: Մինչև Օմսկ մեկնելը հայրը կրկին հորդորել է այլ ոլորտում մասնագիտանալ, բայց տղան մնացել է իր որոշմանը, ծնողներն էլ համակերպվել են: Արցախում 16 օր թշնամուն անընդմեջ դիմագրավելուց հետո հրամկազմի հերթափոխի հորդորն անտեսել է, իսկ 19-րդ օրն իր ազատագրած դիրքում զոհվել է հերոսաբար:
«Վերջին անգամ հորեղբոր հետ էր խոսել, ասել էր՝ հոպար ասում են իջեք հանգստացեք, բայց մենք 4 սպայով որոշել ենք չիջնել, եղբայրս ասել է, տղա ջան ամոթ բան չի, իջեք հանգստացեք, հետո էլի կբարձրանանք, ասել էր չէ, մենք մինչև վերջ մնալու ենք»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Սասունի կրտսեր եղբայրը որոշել է ավագի հետքերով գնալ, նախ կընդունվի ռազմամարզական վարժարան, իսկ հետոն գաղտնիք է, որը վստահել էր միայն եղբորը:
Ավելին՝ այստեղ