Զախարովա. Ռուս-թուրքական կենտրոնը առնչություն չունի Ղարաբաղում խաղաղապահ գործողության հետ
Международные новостиՌուս-թուրքական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում եւ ոչ մի առնչություն չի ունենա Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ գործողության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը հայտնել էր, որ Անկարայի դերը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություններում սահմանափակվում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական ստեղծվող կենտրոնի շրջանակներում եւ ուղղակիորեն կապված չէ խաղաղապահ գործողության հետ: Նա հավելել էր, որ այս կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը հարակից չէ Լեռնային Ղարաբաղին:
«Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ խոսքն այլեւս խաղաղապահ ջանքերի մասին չէ, որոնք նկարագրված են հայտարարության մեջ, այլ բոլորովին ուրիշ առաքելության, համատեղ ջանքերի ուրիշ հատվածի մասին: Մենք պետք է սա տարանջատենք, դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան: «Ես կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ դրանք կապված չեն, նույնը չեն, դրանք տարբեր բաներ են: Խոսքը այն խաղաղարար ջանքերի մասին չէ, որոնք նշված են հայտարարության մեջ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ դա հիմնված կլինի Ադրբեջանի տարածքում»,- հավելել է նա: