Սպիտակ տունը դիտարկում է Եվրոպայից մուտքի սահմանափակումների վերացման հնարավորությունը
Международные новостиՍպիտակ տունը դիտարկում է մուտքի արգելքների վերացման հնարավորությունը ոչ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնության համար, ովքեր վերջերս եղել են Բրազիլիայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում եւ եվրոպական 26 այլ երկրում, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրները:
Թրամփի վարչակազմն արգելքներ է սահմանել` փորձելով զսպել նոր կորոնավիրուսի համավարակը: Պաշտոնյաների խոսքով` այն մուտքի առանձին արգելքների վերացման հնարավորություն չի դիտարկում ոչ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնության համար, ովքեր վերջերս եղել են Չինաստանում կամ Իրանում:
Նախագիծը ստացել է Սպիտակ տան` կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամների, առողջապահական մարմինների եւ դաշնային այլ գործակալությունների աջակցությունը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել, եւ ժամկետներն անորոշ են մնում:
Վարչակազմի շատ պաշտոնյաներ պնդում են, որ սահմանափակումներն այլեւս իմաստ չունեն` հաշվի առնելով, որ աշխարհի շատ երկրների վրա մուտքի արգելքը չի տարածվում: Նրանք պնդում են, որ սահմանափակումների վերացումը խթան կհանդիսանա ամերիկյան ավիաընկերությունների համար, որոնք, ավիացիոն ոլորտի տվյալներով, 70 տոկոսով կրճատել են միջազգային չվերթների ծավալը:
Պոտենցիալ խոչընդոտներից մեկը, ըստ պաշտոնյաների, այն է, որ եվրոպական երկրները դժվար թե անմիջապես թույլ տան ամերիկացիների մեծ մասին վերսկսել իրենց այցերը:
Եվրոպայից այցելուների մեծ մասին արգելող ԱՄՆ սահմանափակումները գործում են մարտի կեսերից, իսկ Բրազիլիա մուտքի արգելքը մտցվել էր մայիսին: Թրամփն առաջին արգելքը սահմանել էր Չինաստանից ոչ ամերիկացի այցելուների համար հունվարի 31-ին, ապա փետրվարին ավելացրել էր Իրանը: