Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը․ ՌԴ ԱԻՆ
Международные новостиՌուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկաթուղային ճանապարհով մարդասիրական օգնության առաքման հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։
«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում մշակվում է երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության առաքման հարցը: Դա թույլ կտա ժամանակ տնտեսել բեռների առաքման համար և կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- նշել են ԱԻՆ-ում:
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում վերանորոգված տները մոտ ժամանակներս պատրաստ կլինեն վերաբնակեցման:
«Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարները շարունակում են մինչև ձմռան սկիզբը բնակելի տների վերականգնման աշխատանքները։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված շինանյութերի օգտագործմամբ մոտակա օրերին առաջին 10 բազմաբնակարան շենքերը պատրաստ կլինեն վերաբնակեցման»,- նշել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։