Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել
ЭкономикаԵրբ իշխանություններն ասում են, որ Սոթքի հանքը պետք է բաժանվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԽՍՀՄ քարտեզների համաձայն, ապա պետք է հիշել, որ հանքի ամբողջ տարածքը մեր հսկողության տակ էր, բացի այդ, սա ոչ միայն հող է, այլ տնտեսական կառույց, որում ներդրումներ են կատարվել հայկական ընկերության կողմից՝ ռուսական կապիտալով:
Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով՝ այս հարցը նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանին: «Չգիտեմ, թե ինչպես կարող է իրավիճակ փոխվել, բայց ես նույնիսկ չեմ տեսնում, որ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Մեր կողմից բանակցողներ չկան: Եթե ընկերությունն իր կապերի միջոցով կարողանա լուծել խնդիրը, ապա դա պետք է տեղի ունենա Ռուսաստանի մակարդակով, բայց դրա համար Հայաստանը նույնպես պետք է ակտիվացնի աշխատանքն այս ուղղությամբ: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Բարդ հարց է», - նշեց նա:
Փորձագետը հավելեց, որ հանքի փակումը բացասական ազդեցություն կունենա նաեւ երկաթուղային ոլորտի վրա: «Որքանով ինձ է հայտնի, երկաթուղային թրաֆիքի 50%-ն ապահովում էր Սոթքի հանքը, որտեղից իրականացվել են բեռնափոխադրումներ: Բացի այդ, իր վրա բացասական ազդեցություն կզգա նաեւ Արարատի մարզում վերամշակող ձեռնարկությունը»,- պարզաբանեց Միքայելյանը:
Փորձագետի գնահատմամբ՝ հանքի փակումից բացասական ազդեցությունը քանակական արտահայտությամբ կարող է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի 1%-ից ավելին, բացի այդ, զբաղվածության հետ կապված խնդիր եւս կծագի: «Ըստ շատ մոտավոր գնահատականների, Սոթքի հանքի շահագործման դադարեցման հետեւանքով կարող է փակվել ավելի քան 5000-6000 աշխատատեղ: Կարող են խնդիրներ ծագել նաեւ հարկային եկամուտների հետ կապված՝ հաշվի առնելով, որ հանքը 4-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում:
Քանի որ ընկերությունը նաեւ ամենամեծ արտահանողն է, որի գործունեությունը լրջորեն ազդում է երկրի առեւտրային հաշվեկշռի վրա, այս ոլորտում կարող են խնդիրներ ծագել, ինչը բացասաբար կանդրադառնա դրամի փոխարժեքի վրա»,- ընդգծեց տնտեսագետը: Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը շահագործող GeoProMining ընկերությունը մի քանի օր է գտնվում է հարկադիր պարապուրդի մեջ:
Հանքը չի շահագործվում, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը փակել են դրա ճանապարհը: Նոյեմբերի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Դատելով քարտեզից, եթե Քարվաճառի շրջանը անցնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ եւս կլինեն Քարվաճառի այդ հատվածում»: