ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր (տեսանյութ)
TVԱրտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարզային այցերը սկսել է սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը: Նախարարը մեծ կարևորություն է տալիս այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը:
Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ռեսուրսներին, շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Ներկայացվել են առկա խնդիրները, տրվել են լրացուցիչ ցուցումներ՝ առավել կազմակերպված և արդյունավետ աշխատանքի համար: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել սահմանային գոտու փրկարարական ուժերին՝ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:
Անդրանիկ Փիլոյանը մեդալներով է խրախուսել մի շարք փրկարարների՝ հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցության և ցուցաբերած քաջության համար: Նախարարի մարզային այցերը շարունակվելու են՝ նպատակ ունենալով արձանագրել ինչպես գրանցված հաջողությունները, այնպես էլ վեր հանված խնդիրները՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու համար: