ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանին. ով է խախտել եռակողմ համաձայնագիրը (տեսանյութ)
TVԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մեղադրել է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի նամակի մի զգալի մասը նվիրված է հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, որոնք ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ծնունդով Շիրակի մարզից են, և «Ադրբեջանի տարածքում են տեղակայվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։
Ի պատասխան այս նամակի, այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն եւ ընդգծել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ:
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար», – հայտարարել է ԱԳՆ-ն:
Երեկ գերիների վերադարձի թեմային անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նշել, որ Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը հայկական կողմի առաջնահերթությունն է: Դրան հաջորդեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրառումը, որտեղ Արման Թաթոյանը բացարձակ անընդունելի է համարել, որ փաստաթղթում չկա կոնկրետ ժամկետ` գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման կամ վերադարձի հետ կապված: Գերիների մեծ խմբի վերաբերյալ Եվրոպական դատարանում իրավական պրոցես են սկսել փաստաբաններն ու Հայաստանի կառավարությունը։ Ադրբեջանը, սակայն, առայժմ ՄԻԵԴ-ից ստացած դիմումներն անպատասխան է թողնում։ Եվրոպական դատարանը մինչև այժմ Հայաստանից ավելի քան 200 գերիների վերաբերյալ դիմումներ է ստացել։ Ադրբեջանը միայն 10 գերիների մասով էր հաստատում ներկայացրել, որ, այո, այդ մարդիկ Ադրբեջանում են։