Ծառուկյանի հերթական դասը իշխանություններին
АналитикаՕրեր առաջ Գյումրի կատարած այցի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել իր ճանապարհը փակած քաղաքացիներին: Չնայած այն հանգամանքին, որ Մանուկյանը առավելապես նաև իր համաձայնությամբ է առաջադրվել որպես շարժման վարչապետի թեկնածու՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրության միասնականության և դրա համար պայքարի մաստեր - կլաս ցույց տվեց՝ հրապարակայնորեն նախատելով Վազգեն Մանուկյանին՝ ոչ կառուցողական և ոչ կոռեկտ հայտարարությունների համար:
Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ իմ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ և ունենք ընդամենը մեկ հայրենիք,- լրատվականներից մեկին տված հարցազրույցում շեշտել է Ծառուկյանը:
Այս հայտարարությունը նաև շառաչուն դաս է իշխանավորների համար, թե ինչպես պետք է իսկական քաղաքական գործիչը վեր կանգնի ամեն ինչից և պաշտպանի հանրային շահը: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ երկրի վարչապետը սխալ աշխատանքի կամ սխալ արտահայտությունների համար հրապարակայնորեն նախատեր իր կառավարության անդամներին. ինչպիսի՞ որակի պետություն մենք կարող էինք ունենալ: Դրա փոխարեն իշխանությունները զբաղված են եղել սխալը սխալի հետևից կրկնելով և դրանք պաշտպանելու անհեթեթ գործելաոճով: Առ այսօր որևէ իշխանավոր չի դատապարտել ամբողջ հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հրապարակային հայտարարությունները և, ինչու չէ, գործողությունները: Ավելին, իշխանությունները այդ բաժանումը դարձրեցին իրենց գործունեության հիմնաքարը, ինչի արդյունքում ունենք մեջքը կոտրված պետություն, տարանջատված հասարակություն:
Գագիկ Ծառուկյանը, կանգնելով ճշմարտության և հանրային միասնության կողքին, իմաստուն դաս տվեց... Որ բոլոր տեսակի իշխանությունները գնայուն են, իսկ ազգն ու պետությունը մնայուն են բացառապես միասնականության մեջ:
Ռուբեն Աղաջանյան